Մատչելիության հղումներ

«Գարդիան». «Գորդոն Բրաունը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների»


Գորդոն Բրաունի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո անցած 7 շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ծախսել է ավելի քան 39 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ շուրջ 60 միլիարդ դոլար: Այս բացահայտումը կատարած բրիտանական «Գարդիան»-ը նշում է, որ կառավարության փոփոխությունից ի վեր վարչապետի հեղինակությունը բրիտանացիների շրջանում այս ընթացքում կտրուկ աճել է:

Թերթը պնդում է, թե ֆինանսների նախարարի պաշտոնում Գորդոն Բրաունը ուղղակի «պահում» էր լրացուցիչ գումարներն ու քաղաքական նախաձեռնությունները, քանի դեռ իշխանության էր Թոնի Բլերը:

Նշված մոտ 40 միլիարդ ֆունտ ստեռլինգից 7,7 միլիարդը Բրաունի լեյբորիստական կառավարությունը լրացուցիչ հատկացրել է պաշտպանությանը, 15 միլիարդը` երկաթուղու արդիականացմանը, իսկ 4 միլիարդը` կրթական համակարգի զարգացմանը: Եվս 8 միլիարդ ֆունտ 3 տարվա ընթացքում ծախսվելու է անապահովների համար հասանելի գներով բնակարաններ կառուցելու վրա:

Ծախսերի չնախատեսված ավելացումը, ըստ «Գարդիան»-ի, վկայում է, որ Գորդոն Բրաունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Բրաունը իր ամենամոտ զինակիցներից Դուգլաս Ալեքսանդերին նշանակել է Lեյբորիստական կուսակցությունում ընտրությունների հարցերով համակարգող, իսկ կուսակցական մեկ այլ գործչի` արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի կրտսեր եղբորը` Էդ Միլիբենդին, հանձնարարել է կազմել լեյբորիստների նախընտրական մանիֆեստը:

Թերթի փոխանցմամբ, հատկացված փողերի զգալի մասը նախատեսված է ենթակառուցվածքների հետ կապված խոշոր տարածաշրջանային ծրագրերի, ինչպես նաեւ պոպուլիստական մի շարք ակցիաների համար, ինչը նույնպես Բրիտանիայի վարչապետի` ընտրություններին նախապատրաստվելու վկայությունն է:

Հասարակական հարցումների արդյունքները վկայում են, որ վարչապետ Բրաունի վարկանիշը վերջին երկու ամսվա ընթացքում աճում է` Մեծ Բրիտանիայում ահաբեկչության դեմ պայքարի, հեղեղումների, անասունների` դաբաղով հիվանդանալու դեպքերի եւ ֆինանսական շուկայում արձանագրված անկման հետ կապված ճգնաժամային իրավիճակներում նրա հաջող գործողությունների ֆոնին:

«Գարդիան»-ը գրում է, որ Գորդոն Բրաունը պատրաստվում է մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններին, սակայն կարող է նաեւ արտահերթ ընտրություններ հայտարարել, եթե պահպանողականների վարկանիշը շարունակի անկում ապրել:

Վերջին հարցումները վկայում են, որ լեյբորիստների օգտին պատրաստ է քվեարկել բրիտանացիների 42, իսկ պահպանողականների` ընդամենը 32 տոկոսը:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG