Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյան. «301 հոդվածը գործիք է իշխանությունների ձեռքին»


«Հայ կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանը, ով այժմ առաջին ատյանի դատարանի վճռով պատիժ է կրում «Երեւան» քրեակատարողական հիմնարկում, «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը հայտարարեց, որ Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով ինքը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, «գործիք է Հայաստանի իշխանությունների ձեռքին»:

Նշված հոդվածը տուգանքից մինչեւ երեք տարվա ազատազրկում է նախատեսում «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար»: Մեղադրանքը նրան ներկայացվել էր «Հայ կամավորականների համախմբում» շարժման` անցած տարվա դեկտեմբերի 2-ի հավաքի ընթացքում ունեցած ելույթի համար:

«Ստացվում է, որ կոչերը լինում են նվազ վտանգավոր, վտանգավոր եւ առավել վտանգավոր... Չկա դրա բացատրությունը», - ասաց մասնագիտությամբ իրավաբան Մալխասյանը: - «Իմ ելույթը բռնության կոչ ընդհանրապես չի պարունակում: Իմ կոչերը ուղղված են եղել երկիրը ապականողներին, ուղղված են եղել սափրագլուխ հանցագործ բանդաներին, որոնք ո'չ պետական կարգ են համարվում, ո'չ էլ սահմանադրական կարգ... Ես հիմա անհիմն կալանքի տակ եմ»:

«Եվ ընդհարապես, այս հոդվածը իշխանությունների ձեռքին ծառայում է գործիք ընդդիմադիր հայացքներ դավանող, ոչ ցանկալի քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար», - շարունակեց նա` պնդելով, որ «այսօրվա իշխանությունները չեն հանդուրժում մարդկանց, ովքեր ճշմարտությունն են ասում». - «Հանկարծ հայտնվի ուրիշ մարդ, փորձի ճիշտն ասել, փորձի քննադատել իրենց սխալները` իրենք հաշվեհարդար են տեսնում»:

Առաջիկա նախագահական ընտրություններին անդրադառնալով` Մալխասյանն ասաց, թե երկրում հիմա «սարսափելի մի վիճակ է ստեղծվել», քանի որ իշխանությունները ժողովրդի մեջ սերմանել են այն միտքը, որ ամեն ինչ, այդ թվում` քվեն, վաճառվում է: Նրա համոզմամբ, հարկավոր է հենց այդ երեւույթի դեմ պայքարել` միաժամանակ փորձելով համախմբել ընդդիմությանը:

«Ժողովուրդը պետք է գնա ընտրության ոչ է վախի զգացումով, այլ` հաղթողի հոգեբանությամբ, գնա ազատ, հանգիստ քվեարկության, չընկնի որեւէ մեկի ազդեցության տակ», - ասաց Մալխասյանը: - «Եթե ընդդիմությունը միասնական հանդես չգա, կազմակերպված հանդես չգա, բնականաբար, նորից [ընտրության արդյունքները] կեղծվելու են, նորից գործելու է բիրտ մեքենան, նորից գործելու են իրենց հանցավոր իշխանիկները, որոնք հայ ժողովրդի իշխանությունն են գողանում, մեր ապագան են գողանում»:

Նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը պնդում է, որ իրեն ՀՅԴ-ից հեռացրել են քննադատության համար:

Ուշագրավ է, որ տարիներ առաջ Դաշնակցության ղեկավար անդամներ Հրանտ Մարգարյանին եւ Վահան Հովհաննիսյանին ներկայացվել էին համապատասխանաբար ապօրինի զենք պահելու (ինչպես Ժիրայր Սեֆիլյանին) եւ երկրի սահմանադրական կարգը բռնության տապալելու կոչեր հնչեցնելու (ինչպես Վարդան Մալխասյանին) մեղադրանքներ:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն այսօր իրենց քաղբանտարկյալ չի համարում, Մալխասյանը պատասխանեց. - «Մենք հույս ունեինք, որ Դաշնակցությունը գոնե կգա, բռունցքը կխփի, արդարության խնդիրները կլուծի: Հետո եկավ-եկավ, հասավ իշխանության` պարզվեց, որ նրանք էլ գործում են իրենց ծրագրին հակառակ»:

Նույն հարցին երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ժիրայր Սեֆիլյանը պատասխանել էր. - «Ես կարծում եմ, որ բոլոր իշխանությունները մերժում են, որ իրենք քաղբանտարկյալ ունեն: Այսօր Դաշնակցությունը իշխանության մի մասն է, եւ նույնպես ինքն էլ պիտի մերժի»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում` Արոյանը, Մալխասյանը եւ Սեֆիլյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG