Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Հայաստանում հանգստի կազմակերպմանը, գրում է. - «Հայաստանում եւ Սփյուռքում ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են մի քանի հազար դոլար ծախսել` ամառային հանգիստը մեր երկրում անցկացնելու համար: Սակայն, ինչպես հայտնի է, հայաստանյան հյուրանոցներում գները չեն զիջում միջին եվրոպականներին եւ ավելի բարձր են, քան Թուրքիայում եւ Եգիպտոսում, բայց սպասարկումը առնվազն 10 անգամ ավելի վատն է: Ես, օրինակ, կափսոսեմ օրական 100-150 դոլար տալ այնտեղ, որտեղ ինձ անպայման կկոպտեն, ցանկացած պահի կարող են տաք ջուրն անջատել, իսկ սրբիչներն ու անկողիններն ընդհանրապես չեն փոխում: Ավելի լավ է ճարեմ եւս 1000 դոլար` ինքնաթիռի տոմսի համար»:

«Հայկական ժամանակ»-ը, արծարծելով նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի հետագա գործունեության մասին հարցը, գրում է. - «Տեղեկություններ կան այն մասին, որ մոտ ժամանակներս Հայաստանում գործող բոլոր ռուսական ընկերությունները միավորվելու են մեկ կոնսորցիումի մեջ, եւ այս կոնսորցիումի ղեկավարը լինելու է հենց Ռոբերտ Քոչարյանը: Պատկերացնելու համար, թե ինչպիսի հսկա կառույց կարող է դառնալ այս կոնսորցիումը, նշենք, թե որոնք են այն ընկերությունները, որ կարող են մտնել նրա կազմի մեջ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Սեւան-Հրազդան կասկադ», Հրազդանի ՋԷԿ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկ, «Հայռուսգազարդ», «ԱրմենՏել»: Եթե առաջիկայում հայկական երկաթուղին էլ բաժին հասնի ռուսներին, այդ ընկերությունը նույնպես կմտնի նշված կոնսորցիումի կազմի մեջ... Սա Ռոբերտ Քոչարյանի հետագա գործունեության տարբերակներից մեկն է միայն։ Նրա համար ավելի ցանկալի է Հայաստանի վարչապետի կարգավիճակը, չնայած պետք չէ մոռանալ, որ որոշ դիտորդներ դեռեւս չեն բացառում 2008-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելու տարբերակը»։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում կասկածի տակ առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի «մեծ քաղաքականություն» վերադառնալու ցանկությունը` բնորոշել է. - «Նա բավականաչափ լուրջ քաղաքական գործիչ է, որ նկատելի ներդրում է ունեցել հայկական պետականության կայացման գործում, անկասկած՝ հիմար չէ, իրատես է, հրաշալի հասկանում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը եւ հազիվ թե ընդառաջ գնա այն մարդկանց նկրտումներին, որոնք փորձում են օգտագործել նրա անունը՝ քաղաքական նպատակներին հասնելու համար, եւ իրեն դնել ծիծաղելի վիճակում... Ես հարգանքով եմ վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ըմբռնումով եմ մոտենում քաղաքական ուժերին, որոնք խոսում են նրա վերադարձի մասին։ Բայց չեմ հասկանում քաղաքական վերլուծաբաններին, որոնք այդ ամենը ներկայացնում են որպես իրողություն, քաղաքական լուրջ գործոն, որ կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»։

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը նույն թեմային անդրադառնալով, իր հերթին, շեշտադրել է. - «Ակնհայտ է, որ ներկայումս Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ հսկայական հետաքրքրություն կա, եւ այդ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Մի բան կարծես թե ակնհայտ է. Տեր-Պետրոսյանը իրոք լրջորեն խորհում է քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու մասին, եւ նրա որոշման վրա ազդելու են տասնյակ գործոններ։ Ի դեպ, քաղաքական եւ հանրային շրջանակներում տեսակետ կա, թե Տեր-Պետրոսյանը քաղաքականություն չի վերադառնա, եթե համոզված չլինի, որ հաղթելու է նախագահական առաջիկա ընտրություններում։ Եվ իշխանությունները հիմա թերեւս ամեն ինչ անում են` նրան նման համոզվածությունից հեռու պահելու համար»։

«Հայք»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «վաստակած» արձակուրդ մեկնելուց առաջ հասցրել է իրեն շրջապատել նոր օգնականներով։ Սարգսյանի հրամանագրով Միքայել Մինասյանը նշանակվել է վարչապետի ավագ օգնական , իսկ Լեւոն Մարտիրոսյանը՝ վարչապետի օգնական: «Միքայել Մինասյանը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանի փեսան։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Միքայելին սկսել է սիրել որդու նման եւ ցանկանում է նրան մշտապես տեսնել իր կողքին։ Չի բացառվում նաեւ, որ Միքայել Մինասյանը լավ խորհուրդներ է տալիս իր աներոջը», - գրել է թերթն ու հավելել. - «Որոշ աղբյուրների համաձայն, այժմ Միքայել Մինասյանը կանգնել է լուրջ երկընտրանքի առջեւ՝ աներհորը «պարոն վարչապե՞տ» անվանի, թե՞ պարզապես «պապա»... Ինչ վերաբեվում է Լեւոն Մարտիրոսյանին, ապա նա ԱԺ ընտրությունների նախաշեմին ստեղծված ՄԻԱԿ կուսակցության ղեկավարն է եւ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը: Մարտիրոսյանը օգոստոսի 5-ին Կոթի գյուղում կազմակերպված միջոցառմանը ուղեկցում էր վարչապետին եւ անթաքույց հրճվանքով գրառում էր նրա մտքի բոլոր գոհարները։ Դրանից հետո շատերն էին կանխատեսում, որ Սերժ Սարգսյանն ուշադրություն կդարձնի Մարտիրոսյանի վրա եւ կօգտվի նրա ու ՄԻԱԿ-ի ծառայություններից»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG