Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել իր նախորդի օրոք դատապարտված «հայրենիքի դավաճաններին»


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը ներում է շնորհել 2002-2003 թվականներին դատապարտված 11 անձանց, որոնց մեծ մասը ազատազրկված էր «Նոյեմբերի 25»-ի գործով` որպես «հայրենիքի դավաճան»: Ներում ստացածների թվում է նաեւ Թուրքմենստանի նախկին մուֆթի Նասրուլլահ իբն Աբդուլլահը:

2002 թվականի նոյեմբերի 25-ին, ինչպես ժամանակին հայտարարել էր երկրի գլխավոր դատախազությունը, «պետական հեղաշրջման նպատակով նախագահ Սափարմուրադ Նիյազովի դեմ մահափորձ» էր կատարվել: Գործով դատապարտվել էին ավելի քան վեց տասնյակ «ահաբեկիչներ» եւ «հայրենիքի դավաճաններ», որոնց մեծ մասը` 12-ից մինչեւ 25 տարվա ազատազրկման:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, 11 դատապարտյալներին ներում շնորհելու մասին հրամանագիրը հրապարակվել է այսօրվա թուրքմենական թերթերում:

Իր երդմնակալության արարողությունից հետո մեկ շաբաթ էլ չանցած` այս տարվա փետրվարի 20-ին, Բերդիմուխամեդովը ստեղծել է իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ քաղաքացիների դիմումներն ուսումնասիրող պետական հանձնաժողով, ինչով թուրքմենստանցիներին հնարավորություն է տրվել բողոքարկել երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի օրոք կայացված դատավճիռները:

«Թուրքմենբաշիի ժամանակաշրջանի» 15 տարիների ընթացքում պետական պաշտոնյաների գրեթե մեկ երրորդը փակ դատավարություններով դատապարտվել էր կոռուպցիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG