Մատչելիության հղումներ

Գուլյանի հարազատները պնդում են, որ նախաքննությունը ընթանում է «ոչ օբյեկտիվ եւ միակողմանի»


2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի ոստիկանության գլխավոր քննչական վարչության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդները պնդում են, որ նախաքննությունը «ընթանում է ոչ օբյեկտիվ եւ միակողմանի», եւ «էապես ոտնահարվում են տուժող կողմի իրավունքները»:

Հինգշաբթի օրը Գուլյանի հայրը` Աշոտ Գուլյանը, կինը` Ջեմմա Գուլյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նամակ են ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանին:

«Շուրջ մեկ ամիս առաջ մեզ հաջողվեց մեծ դժվարությամբ ստանալ գործով կատարված դատաբժշկական թիվ 402 եզրակացության պատճենը, ինչով էլ ավարտվեց նախաքննության թափանցիկությունը: Չնայած մեր կողմից արված բազմաթիվ միջնորդություններին, նախաքննական մարմինը այդպես էլ մեզ չտրամադրեց գործով կատարված մատնադրոշմային, քրեագիտական-մանրաթելային եւ դատաքիմիական համալիր, կենսաբանական փորձաքննությունների եզրակացությունների պատճենները: Առավել քան անտրամաբանական եւ տարօրինակ է նախաքննական մարմնի գործելաոճը, քանի որ նա տուժող կողմին է տրամադրում մի փաստաթուղթ եւ, միեւնույն ժամանակ, մերժում է նմանատիպ մյուս փաստաթղթերի տրամադրումը: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ դատախազության նմանատիպ գործելաոճը հակասում է Եվրախորհրդի կողմից ընդունված որոշումներին, որի անդամ երկիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը», - փաստարկում են հայտարարության հեղինակները: - «Ինչպես իրենց ցուցմունքներում, այնպես էլ Հելսինկյան ասոցիացիային տված հայտարարությունում գործով վկա Հայկ Մելքումյանն ու Մարինե Գրիգորյանը հայտնել են, որ ապօրինի կարգով տարվելով Շենգավիթի ոստիկանության բաժին` նրանք զրկվել են ազատությունից (Հ. Մելքումյանը ենթարկվել է ծեծի, իսկ Մ. Գրիգորյանին նվաստացրել են եւ անպատվել): Չնայած նրան, որ մենք միջնորդել ենք այս փաստով հարուցել քրեական գործ, մինչ օրս դա չի արվել: Օրենքով սահմանված կարգով կատարվածի առթիվ քրեական գործ հարուցելու փոխարեն, Լ. Գուլյանի գործով քննիչ, դատախազ Հրանտ Չախոյանը, Հ. Մելքումյանին եւ Մ. Գրիգորյանին հրավիրելով իր մոտ, դրդել է նրանց ցուցմունք տալ տուժողի ներկայացուցիչ Միքայել Դանիելյանի դեմ, ինչը դատախազ Հ. Չախոյանի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դասական դրսեւորում է: Սույն փաստի վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիան դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության խորհրդի նախագահին եւ այլն: Սակայն վերոնշյալ անօրինականության վերաբերյալ մեր դիմումը մնացել է անպատասխան»:

«Նախաքննական մարմնի օրենքից դուրս գտնվելու մասին է խոսում նաեւ այն փաստը, որ նախաքննության ընթացքում մեր` տուժող կողմի ներկայացուցիչների կողմից ավելի քան մեկուկես ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազությանը հղված միջնորդությունները մնացել են անպատասխան, ինչն օրենքի կոպիտ խախտում է եւ, միաժամանակ, խոսում է մեր հանդեպ ընդգծված անհարգալից վերաբերմունքի մասին», - շարունակում են հայտարարության հեղինակները: - «Հաշվի առնելով, որ դատաբժշկական թիվ 402 եզրակացությունը թերի է, պարունակում է անճշտություններ եւ հակասություններ, տուժողի իրավահաջորդ Ա. Գուլյանը 29.06.07թ. միջնորդել է մեր մասնակցությամբ հարցաքննել դրա հեղինակին` փորձագետ Ա. Դարբինյանին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք նրանից ստանալ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի պատասխանը: Սակայն այս միջնորդությունը նույնպես մերժվել է Հ. Չախոյանի կողմից այն պատճառաբանությամբ, որ ինքն արդեն 05.06.07թ. հարցաքննել է փորձագետին, եւ «վերջինիս հարցաքննությամբ պարզվել են որոշակի հարցեր, եւ նրան հարցաքննելու անհրաժեշտություն նախաքննական ներկա փուլում չկա»: Մինչդեռ 07.08.07թ. ծանոթանալով այդ հարցաքննության արձանագրության հետ` պարզեցինք, որ քննիչը փորձագետին չի տվել մեզ հետաքրքող հարցերից եւ ոչ մեկը: Այս նույն համատեքստում պետք է դիտել նաեւ ՀՀ ոստիկանության կողմից 22.05.07թ. տարածած հայտարարությունը, որում թափացիկ ակնարկ է արվում այն մասին, թե իբր Լ. Գուլյանը ինչ-որ առնչություն է ունեցել, նույնն է, թե մասնակցել է մայիսի 9-ին կատարված Ստեփան Վարդանյանի սպանությանը: Մեր համոզմամբ` այս հայտարարությունը պետք է դիտել որպես նախաքննական մարմնին ուղղորդելու միտում: Եվ որպես դրա ապացույց կարելի դիտել այն, որ նախաքննական մարմինը փորձում է օրինականացնել Լ. Գուլյանին ապօրինի բերման ենթարկելը քննչական վարչություն եւ արդարացված է համարում նրա հետ տարված «օպերատիվ հարցազրույցը»:

Այս ամենը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միքայել Դանիելյանը, վկայում է, որ «նախաքննությունն ամեն ինչ անում է այս գործը փակելու համար». - «Երբ ծանոթացա դատաբժշկի հարցաքննությանը, որն իբր արվել է հունիսի 5-ին, ես զգացի, որ գործը փակվելու ուղղությամբ է տարվում: Օրինակ, լրիվ հանված են Շենգավիթի ոստիկանությունում Լեւոն Գուլյանի խոշտանգման փաստերը, թե` դատաբժիշկը ասում է, որ մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, որը ստացվել է մինչեւ այդ դեպքը: Դրանով իսկ Շենգավիթը դուրս է բերվում այդ գործից: Վստահ եմ, որ այդ պատճառով էլ չեն հարուցում քրեական գործ Հայկի եւ Մարինեի խոշտանգման եւ անօրինական կերպով ազատությունից զրկելու փաստի առիթով... Ո'չ Հայկը, ո'չ Մարինեն պարտավոր չեն ապացուցել, որ իրենց ծեծել են. նրանք հայտարարություն են տալիս, իսկ մնացածը արդեն իրավապահ մարմինների գործն է... Իսկ մինչեւ այսօր (2-3 ամիս է անցել) դա չի արվել»:

Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նամակ-հայտարարությունը դատախազությունը դեռ չի ստացել:

Տռուզյանը տեղեկացրեց նաեւ, որ 2007 թվականի հուլիսի 27-ին գլխավոր դատախազությունը ստացել էր Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի ստորագրությամբ դիմում, որով «վիճարկվում է Լեւոն Գուլյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` Երեւան քաղաքի դատախազության քննչի գործողությունների օրինականությունը, եւ պահանջվում քրեական գործ հարուցել գործով վկաներ Մելքումյանի եւ Գրիգորյանի նկատմամբ Շենգավիթի ոստիկանության բաժնում բռնություններ, խոշտանգումների կիրառելու, անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար»:

«Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունում նշված դիմումի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում դիմումում մատնանշված անձինք հրավիրվել են բացատրություն տալու` ինչպես բանավոր հեռախոսազանգի միջոցով, այնպես էլ գրավոր ծանուցագրով` դիմումում մատնանշված հանգամանքները պարզելու համար», - ասաց Սոնա Տռուզյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG