Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բանտարկված լրագրողի առողջական վիճակը վատթարացել է


Ադրբեջանում բանտարկված լրագրող Ֆարամազ Նովրուզօղլուի առողջական վիճակը վատթարացել է: Նրա կինը` Թաիրա Ալահվերդիեւան ասել է, որ ամուսինը բժշկական լուրջ օգնության կարիք ունի. նա հացադուլից հետո 18 կիլոգրամ քաշ է կորցրել եւ շատ հյուծված է:

Կնոջ հավաստմամբ, Նովրուզօղլուն կալանավայրում բժիշկների հսկողության տակ է եւ ինչ-որ բուժում ստանում է, սակայն այս վիճակը չի կարող երկար շարունակվել: Իսկ բուժհաստատություն տեղափոխվել լրագրողը հրաժարվում է:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թաիրա Ալահվերդիեւան հայտարարել է նաեւ, որ ամուսինը հանդիպում է պահանջում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ խոստացել է իր պահանջը չկատարելու դեպքում կրկին հացադուլի դիմել:

Երեկ երեկոյան Նովրուզօղլուի հետ հանդիպել է Ադրբեջանի իրավապաշտպան կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովը, ով հաստատել է լրագրողի խիստ վատառողջ լինելու փաստը: Բուժհաստատության ղեկավարը Բեհբուդովին ասել է, թե բժիշկները պատրաստակամ են Նովրուզօղլուին տեղափոխել ստացիոնար բուժման, սակայն նրան համոզել չի հաջողվում:

Ֆարամազ Նովրուզօղլուն հուլիսի 22-ից հացադուլի մեջ էր. նա կարել էր բերանը եւ շուրջ 10 օր ոչինչ չէր ուտում: Օգոստոսի 2-ին լրագրողը դադարեցրել է ակցիան, հանել է բերանի կարերը եւ սկսել է սնվել, քանի որ իր պահանջները մասամբ բավարարվել էին` նրան հնարավորություն էր տրվել ամեն օր թերթ կարդալ եւ հոդվածներ գրել մամուլում:

“Nota Bene” թերթի թղթակիցը ազատազրկվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին եւ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի զրպարտելու մեղադրանքով:

Ֆարամազ Նովրուզօղլուն այն մոտ մեկ տասնյակ լրագրողների թվում է, ովքեր Ադրբեջանում վերջին տարիներին ձերբակալվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելու համար: Միջազգային կազմակերպությունները դա դիտարկում են որպես երկրում մամուլի ազատությանն ուղղված սպառնալիք:

Օրերս այս փաստերի առնչությամբ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը` նշելով, որ իրենք ուշադիր հետեւում են իրադարձությունների զարգացմանը եւ մտահոգված են Ադրբեջանում մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում եւս արձանագրված էր, որ Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը վատթարանում է: «Վերջին տարիներին յոթ լրագրող եւ մեկ գլխավոր խմբագիր է ձերբակալվել, փակվել են երկու ամենամեծ պահանջարկ վայելող թերթերը, եւ լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ», - ասված էր փաստաթղթում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG