Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին խորհուրդ է տալիս զսպել երկուշաբթի օրը վրաց - օսական հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «հռետորաբանությունը»: Այն, ինչպես «Ռոյթերզ» գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան, միայն նպաստում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարվածության աճին:
Ամերիկացի դիվանագետի խոսքերով, Միացյալ Նահանգները դեռ փորձում է գտնել միջադեպի պատճառները եւ պարզել` արդյոք Ռուսաստանը պատասխանատո՞ւ է տեղի ունեցածի համար: Նա անընդունելի է համարել ռուսաստանյան կողմի ենթադրությունները, թե Վրաստանն է հրթիռ արձակել սեփական տարածքի վրա` տարածաշրջանում լարվածություն սադրելու համար:
«Անշուշտ, մենք դատապարտում ենք Վրաստանի ինքնիշխան տարածքի վրա ցանկացած հարձակում: Մենք առայժմ չենք կարող ասել` ո՞վ եւ ի՞նչ է արել: Մենք չունենք փաստեր, թե Վրաստանը հրթիռ է արձակել ինքն իր վրա. դա միանշանակ է», - ասել է Բրայզան` հավելելով. - «Նման մեկնաբանությունը, թե Վրաստանը ինքն է իրեն ռմբահարել, ամենեւին օգուտ չի բերում, այլ հակառակը` սրում է լարվածությունը»:
Վրացական կողմը, իր հերթին, շարունակում է կոշտ հայտարարություններով հանդես գալ եւ միջազգային հանրությունից պահանջել համարժեք գնահատական տալ տեղի ունեցածին:
Վրացական արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել է, որ օգոստոսի 6-ին ռուսաստանյան արտադրության երկու ՍՈւ-24 օդանավեր խախտել են Վրաստանի օդային տարածքը եւ հրթիռ են արձակել. հրթիռը ընկել է Ծիթելուբանի գյուղի տարածքում` Թբիլիսիից 65 կիլոմետր հեռավորության վրա:
Վրաստանի արտգործնախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ վրացական զինված ուժերը չունեն ո'չ ՍՈւ-24 օդանավ եւ ո'չ էլ տվյալ տիպի հրթիռներ:
«Մենք ռուսական կողմից պահանջում ենք սպառիչ պարզաբանումներ տալ Վրաստանի տարածքի վրա հրթիռ արձակելու դրդապատճառների մասին: Մենք նաեւ միջազգային հանրությանը կոչ ենք անում կտրուկ եւ սկզբունքային դիրքորոշում հայտնել ինքնիշխան պետության դեմ նման ագրեսիվ գործողությունների առնչությամբ», - ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Կատարվածին համարժեք գնահատական տալու կոչով միջազգային հանրությանը դիմել էր նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` երեկ երեկոյան դեպքի վայրում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Նրա պնդմամբ, «վերջին միջադեպը, ինչպես նաեւ մի քանի ամիս առաջ Վերին Աբխազիայի (Կոդորի կիրճ) ռմբակոծումը, ուղղված են միայն մի բանի` խախտել Վրաստանի խաղաղությունը, հասարակության մեջ խուճապ առաջացնել եւ փոխել մեր երկրի քաղաքական ուղեգիծը»:
«Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու միջազգային հանրությունը: Մենք սպասում ենք, թե ինչպիսին է լինելու արձագանքը», - ասել էր Վրաստանի նախագահը:
Ռուսական կողմը, սակայն, շարունակում է հերքել այդ մեղադրանքները: Ռուսաստանցի պաշտոնյաները պնդում են, որ «ռուսաստանյան ռազմաօդային ուժերի օդանավերը այդ օրերին որեւէ թռիչք չեն կատարել տվյալ շրջանում եւ ոչ մի կերպ չէին կարող խախտել սահմանակից պետության օդային տարածքը»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է վրաց - օսական հակամարտության գոտում շատ արագ հետաքննել դեպքի մանրամասները եւ բացահայտել մեղավորներին:
«Մենք համոզված ենք, որ քննության արդյունքները կբացահայտեն այդ անչափ վտանգավոր խաղերի կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Իսկ քննության համար մենք շատ արագ գործի կդնենք մեր բոլոր հնարավորությունները», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա