Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը գրում է. - «Երկարատեւ, խիստ ծանրաբեռնված աշխատանքից հետո անխոնջ ու աննկուն վարչապետ Սերժ Սարգսյանը վերջապես որոշել է մի փոքր հանգստանալ: Նա հանգստանալու է օգոստոսի 8-25-ը: Ընդ որում, արձակուրդն անցկացնելու է Գերմանիայում: Ոչ պաշտոնական, բայց լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախընտրել է ուժերը վերականգնել Բադեն-Բադենում»:

«Առավոտ»-ի խմբագիրը վերլուծում է. - «Արդյոք ղարաբաղյան խնդրի լուծման 10 տարվա ձգձգումը ճի՞շտ, հաշվենկա՞տ, հեռանկարայի՞ն քաղաքականություն էր... Իշխանության պատասխաններն այս հարցերին հայտնի են: Այո, ղարաբաղյանի հիմնահարցը մնում է չլուծված, որովհետեւ ադրբեջանական կողմը մեր առջեւ դնում է անընդունելի պայմաններ: Որեւէ տնտեսական առաջընթաց չի կարող լինել Արցախի հարցում զիջումներ կատարելու գնով: Մեր սկզբունքայնության շնորհիվ մեզ աշխարհում ավելի շատ են հարգում: Իսկ տնտեսական ոլորտում մենք ունենք տպավորիչ նվաճումներ, որոնց մասին վկայում են Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Ճիշտն ասած, շատ կուզենայի, որ այս ամենը 100 տոկոսանոց ճշմարտություն լիներ: Բայց որոշ փաստեր, ցավոք, վկայում են, որ դա առնվազն կիսաճշմարտություն է: Մասնավորապես, ինձ թվում է, որ 10 տարվա «պաուզայի» արդյունքում մենք դուրս մնացինք տարածաշրջանին առնչվող խոշոր նախագծերից եւ այս առումով կորցրել ենք աշխարհի համար, թեկուզեւ փոքր, բայց գործոն լինելու հնարավորությունը: 10 տարում մենք չստեղծեցինք նյութական արժեքներ, որոնք մրցունակ կլինեին ադրբեջանական նավթի հետ... Ինչ մնում է «տնտեսական նվաճումներին», ապա տնտեսագետները միշտ խորհուրդ են տալիս զգուշանալ բացարձակ թվերից: Եթե մի հարձակվող 50 գոլ է խփել Հայաստանի առաջնությունում, իսկ մյուսը` 30 գոլ Իսպանիայի առաջնությունում, ապա դա չի նշանակում, որ առաջինը ավելի լավ ֆուտբոլիստ է»:

Նույն թերթը` «Հնդիկներին հեռացնում են, բերում են ռուսներին» վերնագրի ներքո գրում է. - «Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի տնտեսական դատարան` ընդդեմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի եւ դատարանից պահանջել դադարեցնել այդ ձեռնարկությանը հատուկ լիցենզիայով տրված հանքային իրավունքը»: «Հանքարդյունաբերության ոլորտի մեր աղբյուրները հայտնում են», - շարունակում է թերթը, - «որ Հայաստանի կառավարության այս քայլերը մեկ նպատակ ունեն` ստիպել հնդիկներին շուտափույթ վաճառել ընկերությունը: Մեկ ամիս առաջ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» գլխավոր տնօրեն Շարման «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ նախագահի աշխատակազմից իրեն ասել են, որ վաճառեն ընկերությունը: «Պատճառը չեն ասել, բայց ասել են, թե կողմ են, որ վաճառենք ու գնանք այստեղից», - ասել է Շարման: Դատական հայցը հնդիկներին կստիպի շատ արագ զիջումների գնալ եւ բավականին էժան վաճառել ընկերությունը: Ամենայն հավանականությամբ, այն չի գերազանցի 50 միլիոն դոլարը: Այսքան են գնահատում Սոտքի հանքավարը հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները»: «Մամուլում արդեն եղել են հրապարակումներ այն մասին, որ ընկերությունը գնելու մտադրություն ունի «Մադնեուլի» ընկերությունը, որը ռուսական «Պրոմինվեստ» ընկերության դուստր ձեռնարկությունն է», - եզրափակում է թերթը:

«Ազգային ժողովի ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց ՄԻԱԿ անունով մի կուսակցություն», - շարադրում է «Հայք»-ը: - «ՄԻԱԿ-ը Հայաստանի քաղաքացիներին համոզում էր, թե իրենց նպատակը ժողովրդավարական արժեքների արմատավորումն է: Նկարահանվել էին գեղեցիկ գովազդային տեսահոլովակներ... Իսկ ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, թե ով եւ ինչու էր ստեղծել այս արհեստածին կուսակցությունը: ՄԻԱԿ-ի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի հետ մեկնել էր Կոթի գյուղ: ՄԻԱԿ-ի առաջնորդը ՀՀԿ-ի առաջնորդի կողքից չէր հեռանում եւ խելացի աշակերտի նման գրառում էր Սարգսյանի ասածները: Չի բացառվում, որ Լեւոն Մարտիրոսյանը հասցրել է նշանակվել Սարգսյանի խորհրդական: Ստացվում է, որ կուսակցությունը ստեղծվել էր ոչ թե ընտրություններում հաղթանակ տանելու, այլ իր ղեկավարի համար լավ գործ գտնելու համար: Այժմ ՄԻԱԿ-ը կատարել է իր առաքելությունը եւ կարող է հեռանալ քաղաքական դաշտից»:

«Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթն իր վերջին համարում գրում է, որ Ռուսաստանի Կիմրի քաղաքի բնակիչ Նիկոլայ Մոսկալյովը դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով ետ վերադարձնել Նապոլեոն Բոնապարտի զինվորների պատճառած վնասները 200 տարի առաջ: Այն ժամանակ՝ 1812 թվականին, ֆրանսիացի զինվորները Մոսկալյովի նախնիներից վերցրել էին 15 կով, 20 խոճկոր, ինչպես նաեւ ոսկե եւ արծաթե դրամներ: Ի դեպ, Մոսկալյովի նախնիները այն ժամանակ դիմել էին անձամբ Նապոլեոնին, եւ վերջինս խոստացել էր փոխհատուցել վնասները: Այժմ Մոսկալյովը պահանջում է Սարկոզիից 70 միլիոն դոլար՝ այդքան է նա գնահատում նախնիների կորցրածը` պլյուս 200 տարվա տոկոսները»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG