Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խորհուրդ է տալիս «քավության նոխազ» չփնտրել


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը խորհուրդ է տալիս «քավության նոխազ» չփնտրել կիրակի օրն անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների ելքի կապակցությամբ եւ չխոսել Լիբանանի հայության արժանապատվության դեմ:

«Անընդունելի եմ համարում ոմանց կողմից հայ համայնքի հասցեին արված անճիշտ վերագրումները եւ անհիմն զրպարտությունները: Լիբանանի հայությունը կարիք չունի որեւէ մեկից հայրենասիրության դաս ստանալու. Լիբանանի հայությունը հայրենասիրության տիպար է», - ասված է Արամ առաջինի հայտարարությունում, որը տարածել է Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը:

«Թող ոչ ոք իր հաղթանակը չտոնի: Հաղթող չկա. քրիստոնեական միասնությունն է, որ պարտվեց պառակտման դիմաց», - հայտարարում է Կիլիկիո կաթողիկոսը` հավելելով. - «Քրիստոնյա բոլոր քաղաքական ուժերը հավասարապես պատասխանատու են առկա տխուր կացության համար, որովհետեւ դրանք միայն իրենց մասնավոր շահերը հետապնդեցին, քրիստոնեական հավաքական շահը անտեսեցին»:

Հայ հեղափոխական դաշնակցության լիբանանյան կառույցը, իր հերթին, երկուշաբթի օրը ափսոսանք է հայտնել, որ «պատգամավորական մեկ տեղի համար ընտրապայքարը վերածվեց երբեք ծայրահեղականություն չճանաչած կուսակցության հետ հաշիվներ մաքրելու փորձի»:

«Լիբանանյան որոշ առաջնորդների ոչ բանական եւ տաքարյուն հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան վրդովմունքի բռնկում, որն ի ցույց դրեց տասնամյակներ շարունակ թաքցվող ատելությունը», - ասված է Դաշնակցության հայտարարությունում, որին անդրադարձել է լիբանանյան «Դեյլի սթար» պարբերականը:

Նույն աղբյուրի վկայությամբ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ժեբրաիլ Մըրրը լիբանանահայ համայնքին հորդորել է փոխել դաշնակցական ղեկավարությունը, իսկ Դաշնակցությանը` փոխել ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը:

Մըրրը վստահեցրել է, թե իր խոսքերը ուղղված են ոչ թե հայ համայնքի դեմ, այլ` Դաշնակցության ղեկավարության: «Իմ բարեկամությունը հայ համայնքի հետ եւ հարգանքս նրա նկատմամբ անսահման են», - շեշտել է նա:

Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, որը ձայների չնչին տարբերությամբ պարտություն է կրել կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում, պահանջել էր կրկնական ընտրություններ անցկացնել Բեյրութի Բուրջ-Համուդ թաղամասում` պնդելով, որ հայկական համայնքում քվեարկությունը կեղծվել է: Նրա վկայությամբ՝ այդ հայաշատ թաղամասում քվեարկել են այնտեղ չբնակվող ընտրողներ կամ քվեաթերթիկներ են գցվել մահացած մարդկանց փոխարեն: Ժմայելը նաեւ ասել էր, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը համագործակցում է իր հակառակորդի կուսակցության հետ, ճնշում է գործադրել ընտրողների վրա:

Ավելի ուշ, սակայն, Ամին Ժմայելը ընդունել է իր պարտությունը:

Ընդդիմության թեկնածուն՝ Քամիլ Խուրին հավաքել է 39 հազար 534 ձայն, մինչդեռ Ժմայելը ստացել է 39 հազար 116 ձայն:

Պատգամավորական այդ տեղը թափուր էր մնացել, երբ անցած տարվա նոյեմբերին Բեյրութի արվարձաններից մեկում սպանվել էր Ամին Ժմայելի որդին՝ Պիեր Ժմայելը, որը նաեւ արդյունաբերության նախարարն էր:

Ամին Ժմայելը ներկայացնում է Լիբանանում իշխող մեծամասնությունը, որը դեմ է Սիրիայի միջամտությանը Լիբանանի ներքին գործերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG