Մատչելիության հղումներ

Լյուդմիլա Սարգսյան. «Տեր-Պետրոսյանը կարող է ներկայանալ նոր կերպարով»


Նախագահական ընտրություններին ընդառաջ Հնչակյան կուսակցությունը անհրաժեշտ է համարում ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբումը միասնական թեկնածուի շուրջը: Իսկ հնարավոր միասնական թեկնածուներից կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նաեւ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը:

«Տեր-Պետրոսյանի ջատագովը չեմ եղել ժամանակին, բայց այսօրվա իրավիճակում ես տեսնում եմ ի դեմս Տեր-Պետրոսյանի մի մարդու, որը կարող է մտնել պայքարի մեջ` եթե կարողանա մեզ համոզել, որ ինքը այն միակ նախընտրելի թեկնածուն է, որը հաղթելու կամք կարող է դրսեւորել», - ասաց Հնչակյան կուսակցության ատենապետը:

Հակադարձելով հարցին, թե արդյոք ժողովուրդը մոռացել է առաջին նախագահի օրոք եղած խնդիրները, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. - «Չի մոռացել... Բայց, կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանը եւս հետեւություններ է արել իրենց սխալների հետ կապված: Եվ նա այսօր կարող է ներկայանալ մի նոր կերպարով»:

Նա, այդուհանդերձ, չպնդեց, թե իրենք միասնական թեկնածուի դերում տեսնում են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին: Կարեւորը, ըստ Սարգսյանի, «սկզբունքն է, միավորվելու անհրաժեշտությունը». - «Եթե ընդդիմադիր դաշտը ընդունակ չէ հետեւություններ անել պառլամենտական ընտրություններից հետո եւ ընդունակ չէ համախմբվելու, այդ դեպքում մենք բոլորս այլեւս անելիք չունենք քաղաքական դաշտում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ նրա գրասենյակը առայժմ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել 2008-ի նախագահական ընտրությունների առնչությամբ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG