Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ունենա»


«Լեռնային Ղարաբաղի հայերը անկախություն են պահանջում, սակայն դա երբեք տեղի չի ունենա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղազախստանյան «Էքսպրես Կ» թերթին տված հարցազրույցում:

«Ադրբեջանի ժողովուրդը եւ պետությունը երբեք դրան չեն համաձայնի: Համաշխարհային հանրությունը երբեք նրանց չի ճանաչի», - ասել է Ալիեւը եւ հավելել. - «Վերջերս նրանք անցկացրեցին այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «նախագահական ընտրություններ», որոնք դատապարտվեցին բոլորի կողմից: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Եվրամիությունը, Թուրքիան եւ շատ այլ երկրներ երբեք չեն ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մենք փորձում ենք դա բացատրել հայկական կողմին, որը, ցավոք, ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել»:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը վստահեցրել է, թե Ադրբեջանը դեռեւս նվիրված է խաղաղ գործընթացին եւ գտնում է, որ բանակցային գործընթացը չի սպառել իրեն: Միաժամանակ, նա հայկական կողմին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ` համոզմունք հայտնելով, որ «միջնորդներին խաբելու եւ ժամանակ ձգձգելու փորձերը ոչինչ չեն տա»:

«Որքան ժամանակ է անցնում, այնքան թուլանում են նրանց դիրքերը, իսկ մերը` ուժեղանում: Գուցե ադրբեջանական տարածքների վերադարձը չի բխում տարբեր պաշտոններ զբաղեցնող առանձին քաղաքական գործիչների շահերից: Գուցե նրանք իրենց քաղաքական հավակնությունները բավարարելու համար են նման ապակառուցողական դիրքորոշում որդեգրել: Սակայն դա չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` եզրակացնելով. - «Եթե Հայաստանում դա հասկանան եւ վերջ տան օկուպացման քաղաքականությանը, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կարող են կարգավորվել, եւ հայ ժողովուրդը շատ ավելին կստանա մեզ հետ համագործակցությունից, քան դրսի ողորմություններից»:

«Իրավիճակից ելքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է եւ փախստականների վերադարձը հայրենիք: Այլ տարբերակ լինել չի կարող», - համոզված է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG