Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղբանտարկյալներ են» վերնագրված խմբագրականում անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ երկուշաբթի օրը կայացված դատավճռին` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը ապօրինի զենքի հետ կապված հետեւյալ առաջարկն է անում իրավապահ մարմիններին. - «Սեպտեմբերին՝ Ազգային Ժողովի նիստի օրը, խուզարկեք Դեմիրճյան փողոցում կանգնած մի քանի տասնյակ «Համերներն» ու այլ «ջիպերը», ինչպես նաեւ նրանց շուրջը պտտվող սափրագլուխ, հաստագլուխ եւ հաստավիզ երկոտանիներին: Կհայտնաբերեք այնքան ապօրինի զենք, որ կհերիքի մի քանի ավազակախմբի»:

«Հայաստանը արդեն իսկ վերածվել է մի երկրի, որտեղ կարող են առանց պատճառի ծեծել, իսկ եթե պատճառ կա` նաեւ սպանել», - փաստում է «Հայք»-ը: - «Այսօր անհնար է ասել, թե որն էր 22-ամյա Դմիտրի Երմոլովի սպանության պատճառը: Կարող ենք միայն ասել, որ հրաշքով կենդանի են մնացել սպանվածի չորս ընկերները, որոնց, բարեբախտաբար, գնդակները չեն դիպել: Օգոստոսի 6-ին, ժամը 00:35-ի սահմաններում, Կոտաքի մարզի Առինջ գյուղի տարածքում երկու անհայտ անձինք կանգնեցրել են «ՎԱԶ-2102» մաշնիշի ավտոմեքենան, մեքենայից իջեցրել են 5 ուղեւորներին, ծեծել, որից հետո թույլ են տվել հեռանալ: Սակայն դեռ մի քանի մետր չհեռացած` կրակոցներ են արձակվել մեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով ուղեւորներից մեկը` Դմիտրի Գենադիի Երմոլովը, ստացել է հրազենային վնասվածք եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել: Սա մեքենայի վարորդի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Անատոլի Անդրեյի Կռիլովի հայտարարությունն է, որը նա փոխանցել է Կոտայքի ոստիկանության բաժին... Սպանությունից ընդամենը ժամեր անց ձեռնարկված միջոցառումների հետեւանքով պարզվել է, որ անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կռիլովին եւ նրա աշխատանքային ընկերներին ծեծել, ապա նրանց ուղղությամբ կրակել են Ա. Անդրեասյանը եւ Գ. Բալյանը, որոնք ձերբակալվել են, առգրավվել է որսորդական «Սայգա» տեսակի 7.62 մմ տրամաչափի ակոսափող երկու հրացան: Նախաքննությունը շարունակվում է: Կարելի էր հիանալ մեր իրավապահների օպերատիվ աշխատանքով, եթե հիշյալ հաղորդագրությունում լիներ նաեւ տեղեկատվություն, թե ում մարդիկ են Ա. Անդրեասյանը եւ Գ. Բալյանը: Ըստ panorama.am.-ի աղբյուրների` սպանության հետեւում կանգնած են Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկի թիկնապահները»:

Իսկ «Առավոտ»-ը այս առնչությամբ գրում է. - «Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության տվյալներով, այդ երկու կասկածյալները աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայությունում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից կտրականապես հերքում են այս տեղեկատվությունը»:

«Հայք» թերթը նաեւ տեղեկացնում է. - «Օգոստոսի 4-ին Պուշկինո գյուղի «Մակարով» կոչվող դաշտում ոստիկանության աշխատակիցները շուրջ երեք օր տեւած որոնողական աշխատանքներից հետո գտել են Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ, չորսամյա Արթուր Չերկեսովին: Երեխան տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում չորսամյա Արթուրը դուրս էր եկել տնից եւ այլեւս չէր վերադարձել»:

«Էջմիածին քաղաքի հրապարակին կից մոտ 60 քառակուսի մետր գազոնապատ տարածքը ոչնչացվել է` սպասարկման օբյեկտ կառուցելու համար», - գրում է «Առավոտ»-ը: - «Ընդամենը մի քանի ամիս առաջ այս տարածքում բոլոր կրպակները ապամոնտաժվեցին` իբր քաղաքի գեղեցիկ տեսքը չխաթարելու նպատակով: Հիմա քաղաքի կենտրոնական մասում որոշել են նորից կրպակ տեղադրել` ինտերնետ ակումբ են բացում, 30 տարվա կանաչ տարածքն ու ծառերը վերացնում են` դա քաղաքի տեսքին համապատասխա՞ն է»: «Քաղաքապետարանն ինչ ուզում` անում է, իրենց կամքով քաղաքի որ մասն ուզում` ծախում են», - «Առավոտ»-ին բողոքել են Մաշտոցի 6 հասցեի բնակիչները: «Բնակիչների տեղեկություններով` կրպակի սեփականատերը երկրապահ է` էջմիածինցի Գագիկ Մկրտչյանը, ուստի, ըստ նրանց, հենց երկրապահ լինելու հանգամանքն էլ նպաստել է, որ իրենց փողոցի կանաչապատ տարածքները քաղաքապետարանը «նվիրաբերի» Գագիկ Մկրտչյանին», - եզրափակում է թերթը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG