Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը փոխանցում է. - «Երեկ հերթական կրակոցներ են հնչել Երեւանում: Այս անգամ օրը ցերեկով «Շանթ» պաղպաղակի գործարանի մուտքի մոտ իրար վրա են կրակել երկու եղբայրներ` Յուրան եւ Մանվելը: Վերջիններս հայտնի են որպես մինի օլիգարխներ, որոնց բիզնես տանիքն է համարվում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ավելացնենք, որ այս եղբայրները ապարանյան ծագում ունեն, աշխատեցնում են «Շանթ» գործարանը, ինչպես նաեւ նրանց անվան հետ է կապվում համանուն ռեստորանն ու «Երեւան» հեռուստաընկերությունը: Երեկ այցելեցինք դեպքի վայր, որտեղ ինչ-որ բաներ պարզելու մեր բոլոր փորձերը ապարդյուն անցան, քանի որ հաստավիզ երիտասարդներն ու եղբայրներին լավություն անողները հերթով մոտենում ու խնդրում էին հեռանալ»: «Հարակից տարածքի բնակիչներն ու երիտասարդները մեզ ասացին, որ իրենք լսել են կրակոցների ձայները ու հայհոյանքները, բայց մոտ չեն գնացել` հասկանալով, որ դա ընտանեկան վեճ է, եւ առանձնապես պետք չէ խառնվել», - եզրափակում է թերթը:

«Լեռնային Ղարաբաղի նախագահ ընտրվելուց հետո Բակո Սահակյանն առաջին անգամ մարդամեջ է դուրս եկել` ջազ լսելու համար», - գրում է «Հայք»-ը: - «Քանի դեռ նա չէր ընտրվել նախագահ` լսում էր հիմնականում զուռնա-դհոլի հոգեպարար մեղեդիներն ու ռիթմերը: Վերը նշված ջազ համերգը տեղի է ունեցել Ստեփանակերտի Սպայի տանը` օգոստոսի 1-ին: Տարօրինակ զուգադիպությամբ, Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահը Ռոբերտ Քոչարյանի նման ջազի մեծ երկրպագու է: Դժվար է ասել, թե ջազի նկատմամբ նրանց սերը օդի՞ց է, ջրի՞ց, թշի խալի՞ց, թե՞ հողից, սակայն հուսանք, որ ընդհանրություններն այսքանով կսահմանափակվեն: Մանավանդ, որ այս մի համերգն անցել է անխափան, առանց արտառոց միջադեպերի: Մասնավորապես, համերգի ընթացքում Բակո Սահակյանի թիկնապահները որեւէ մեկին զուգարանում անզգույշ չեն քաշքշել: Կարծում ենք, որ անխափան եւ առանց արտառոց միջադեպերի կանցնեն նաեւ բոլոր մյուս ջազ համերգները, որոնց ներկա կլինի Բակո Սահակյանը: Մնում է մաղթել, որ Բակո Սահակյանը Ռոբերտ Քոչարյանին կնմանակի միայն ջազի հարցում: Դրանից կշահեն ոչ միայն ղարաբաղցիները, այլ նաեւ ջավախահայերը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ադրբեջանի ազգայնական ընդդիմությունը ե՛ւ նակինում, ե՛ւ ներկայումս հզոր ճնշում է գործադրում իր երկրի իշխանությունների վրա՝ Ղարաբաղի հարցում որեւէ զիջում չկատարելու պահանջով եւ ապագայում է՛լ ավելի է կոշտացնելու սեփական դիրքորոշումները։ Իսկ ահա հայրենի ընդդիմությունը շփում է իր ձեռքերը, սպասելով, թե երբ է արտաքին աշխարհը ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա՝ զիջումներ պարտադրելով Ղարաբաղի հարցում, որպեսզի վերջիններս կանգնեն կա՛մ սկզբունքներից, կա՛մ իշխանությունից հրաժարվելու երկընտրանքի առջեւ։ Հարց է առաջանում. ի վերջո, ո՞ւմ է դա ձեռնտու՝ մեր երկրի՞ն, պետականությա՞նը, թե՞ ժողովրդին։ Ակնհայտ է, որ ոչ մեկին, բացի իշխանության ձգտող ընդդիմության մի քանի առաջնորդներից»։

«Ըստ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած քաջատեղյակ աղբյուրների, աշնանը լինելու են որոշակի մարզպետափոխություններ», - փոխանցում է «Իսկական Իրավունքը» թերթը: - «Մասնավորապես իր պաշտոնին հրաժեշտ է տալու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեր աղբյուրը դա բացատրում է նրանով, որ թեեւ Խաչատրյանը մշտապես ապահովում է «100 տոկոսանոց արդյունավետությամբ» վարչական եւ ուժային ռեսուրսի կիրառումը եւ բոլոր տեսակի ընտրություններում կատարում եւ գերակատարում է պլանը, այնուամենայնիվ, վարչապետը հաշվի է առնում մարզի բնակչության` շուրջ 15 տարվա ընթացքում կուտակված խուլ եւ հուսահատ դժգոհությունը, եւ այդ քայլով ցանկություն ունի նվաճել մարզի բնակչության համակրանքը: Բացի այդ, «վերեւներում» լուրջ կասկածներ են ի հայտ եկել Սուրեն Խաչատրյանի հավատարմության վերաբերյալ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG