Մատչելիության հղումներ

Դատախազությունը դիմել է Տնտեսական դատարան` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» հետ կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու խնդրանքով


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայցադիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան ընդդեմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի՝ խնդրելով վաղաժամկետ լուծել Հայաստանի բնապահպանության նախարարության եւ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի միջեւ 1999 թվականի մարտի 13-ին կնքված «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրը շահագործման հանձնելու մասին» պայմանագիրը, եւ որպես հետեւանք` դադարեցնել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից 2004 թվականի հունիսի 7-ին տրված հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով ձեռք բերված հանքային իրավունքը:

Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Ջհանգիրյանը «խնդրել է ՀՀ տնտեսական դատարանին՝ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.006.137.500 դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ հայցի ապահովման նպատակով, մինչեւ դատաքննությունը սկսելը, հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի եւ դրամական հաշիվների վրա»:

Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տվեց հետեւյալ պարզաբանումները. - «Ընկերությունը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ սահմանված ժամկետում չի ապահովել հանքավայրի պաշարների արմատական վերագնահատումը, եւ այն չի ներկայացրել հաստատման Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով»:

Տռուզյանը հավելեց, որ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ընկերությունը նաեւ «արդյունավետ չի իրագործել հանքավայրի շահագործումը», «չի կատարել հարկային պարտավորությունները»:

Հարցին, թե հնարավոր է, որ ընկերության նկատմամբ նաեւ քրեական գործ հարուցվի, դատախազության խոսնակը պատասխանեց. - «Գլխավոր դատախազությունում արձանագրված խախտումների հետ կապված հարուցվել է նաեւ քրեական գործ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG