Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը զինվորական հանդերձանք եւ սարքավորումներ է տրամադրել ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակին


Հուլիսի 27-ին եւ 31-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը փոխանցվեցին 12-րդ խաղաղապահ գումարտակի համար նախատեսված` ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զինվորական հանդերձանքը եւ սարքավորումները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 մլն դոլար:

«Ամերիկյան զինվորական հանդերձանքը տրամադրվել է ԱՄՆ Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում` 8 մլն դոլարի օժանդակություն նախատեսող պլանի համաձայն, որն ուղղված է մինչեւ 2009 թվականը ՆԱՏՕ-ի կառույցների հետ փոխգործակցելի խաղաղապահ գումարտակ ստեղծելու ՀՀ կառավարության կողմից նախանշված նպատակի իրականացմանը», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Դագ Պիտերսոնը, ըստ հաղորդագրության, հայտնել է, որ այս անգամ ժամանած ամերիկյան զինվորական հանդերձանքի խմբաքանակն ամենախոշորն է ՀՀ խաղաղապահ գումարտակին երբեւէ տրամադրվածներից: Պիտերսոնը նաեւ նշել է, որ 2008 թվականի համար նախատեսված ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ուղղված կլինի Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծմանը եւ այս տարվա հունվարին ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դաշտային հոսպիտալի տեխնիկական համալրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG