Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահը Քեմփ Դեյվիդի նստավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետին


Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստաձնելուց հետո Գորդոն Բրաունն առաջին անգամ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մերիլենդ նահանգում գտնվող ԱՄՆ-ի նախագահների Քեմփ Դեյվիդի ամառային նստավայրում նրան երեկ ընդունել է Ջորջ Բուշը:

Երեկ նրանք միասին ճաշել են եւ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել են Իրաքի պատերազմի, Դարֆուրի վիճակի, ինչպես նաեւ համաշխարհային առեւտրի ճգնաժամի թեմաները:

Մեկնաբանները նշում են, որ Բրաունի այցը տեղի է ունենում շատ կարեւոր ժամանակաշրջանում, քանզի իրաքյան պատերազմը հետզհետե ավելի բարդ ընթացք է ստանում, ամերիկացիների եւ բրիտանացիների մեծ մասը չի աջակցում պատերազմին, Կոնգրեսը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է բանաձեւեր Իրաքից որոշակի ժամկետներում զորքը դուրս բերելու մասին:

Վերլուծաբանները նշում են, որ բրիտանացիներից շատերի համոզմամբ, Թոնի Բլեյրը անհարկի մեծ աջակցություն եւ խանդավառություն է դրսեւորել Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմին Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ապահովելու հարցում: Դրա համար Բլեյրին նույնիսկ անվանել են «Սպիտակ տան շնիկ» եւ «Բուշի հլու-հնազանդ կամակատար»:

Ինչպես նշում են բրիտանական եւ ամերիկյան պարբերականները, Բլեյրը ազատել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի, ապա նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնները շարքային բրիտանացիների եւ իր կուսակիցների շրջանում ակնհայտ դարձած անվստահության հետեւանքով:

Վերլուծաբանների խոսքերով, այցի վրա ինչ-որ չափով ազդում է նաեւ այն հանգամանքը, որ «վերջին տարիների պատերազմների հետեւանքով ներկայումս Մեծ Բրիտանիայում եւ ընդանրապես ամբողջ Եվրոպայում առկա են հակաբուշական եւ նույնիսկ հակաամերիկյան տրամադրություններ»:

Նախքան Ամերիկա մեկնելը Բրաունն ասել է, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առանձնահատուկ սերտ կապերը առաջնահերթ եւ սկզբունքային նշանակություն ունեն Մեծ Բրիտանիայի համար»:

«Ֆայնենշլ Թայմս»-ի վերլուծաբան Ֆիլիպ Սթեֆենսի համոզմամբ, Գորդոն Բրաունը կհավաստիացնի, որ «Լոնդոնը Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցն է, բայց կփորձի որոշակի հեռավորության վրա մնալ Իրաքի պատերազմի հարցում»:

Սթեֆենսի կարծիքով, Բրաունը նաեւ նկատել կտա, որ Լոնդոնին իսկապես անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագիրը, սակայն այդ առիթով ինչ-ինչ ռազմական գործողությունների գաղափարը անընդունելի է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG