Մատչելիության հղումներ

Իրաքցիների մեկ-երրորդն անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի


«Սովի դեմ պայքարի 0քսֆորդի կոմիտե» (Oxford Committee for Famine - OxFam) բրիտանական ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցում ասվում է, որ 8 միլիոն իրաքցի՝ երկրի բնակչության գրեթե մեկ-երրորդը, չունի խմելու ջուր, սանիտարական նվազագույն պայմաններ, սնունդ եւ կացարաններ: Երկու միլիոն իրաքցի, հիմնականում կանայք եւ երեխաներ, համարվում են ներքին տեղահանվածներ, եւս 2 միլիոն իրաքցի ապաստանել է հարեւան երկրներում, հիմնականում Սիրիայում եւ Հորդանանում:

Ըստ OxFam-ի զեկույցի, Իրաքի բնակչության 15 տոկոսը չունի կանոնավոր սնվելու հնարավորություն, 70 տոկոսը չունի կանոնավոր ջրամատակարարում, երեխաների 92 տոկոսը զուրկ է բնականոն պայմաններում կրթություն ստանալու հնարավորությունից:

«Տարիներ տեւող պատերազմի եւ պատժամիջոցների արդյունքում տարրական ծառայությունները քայքայված են, միլիոնավոր իրաքցիներ բռնություններից փրկվելու համար տեղափոխվել են Իրաքի այլ շրջաններ եւ արտասահման: Նրանցից շատերն ապրում են ահավոր թշվառության պայմաններում», - ասել է OxFam-ի տնօրեն Ջերեմի Հոբզը եւ հորդորել Իրաքի կառավարությանը, ՄԱԿ-ին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ու կառավարություններին անհապաղ օգնություն ցույց տալ Իրաքի ժողովրդին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG