Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում առաջին նիստը կգումարի հակահրթիռային պաշտպանության հարցով ռուս-ամերիկյան աշխատանքային խումբը


Նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածության համաձայն ստեղծված հակահրթիռային պաշտպանության հարցերով ռուս-ամերիկյան աշխատանքային խումբը այսօր Վաշինգտոնում կգումարի իր առաջին նիստը:

Նախատեսվում է, որ դռնփակ քննարկումները կտեւեն երկու օր: Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարարի տեղական Սերգեյ Կիսլյակը: Քննարկումներին կմասնակցեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:

Անցած շաբաթ Բրյուսելում կայացած Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքները մեկնաբանելով`Ռուսաստանի արտգործնախարարության անվտանգության եւ զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Անատոլի Անտոնովը ասել էր, որ հակահրթիռային պաշտպանության հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության ուղղությամբ Ռուսաստանի նախաձեռնությունը «բացառիկ ալյընտրանք» է, եւ ոչ թե Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման ամերիկյան ծրագրերի «լրացում»:

«Մենք ներկայացրինք մեր ծրագրերը համալիր կերպով, այն է` ինչ են իրենից ներկայացնում Գաբալայի եւ Արմավիրի ռադիոլոկացիոն կայանները, ինչ դերակատարություն կարող են դրանք ունենալ Իրանի կողմից հնարավոր հրթիռային վտանգի գնահատման գործում», - ասել էր Անտոնովը` շարունակելով. - «Ռուսաստանը չի հավատում, թե նման վտանգ կա: Իրանն անկարող է տեսանելի ապագայում ստեղծել միջմայրցամաքային հրթիռ»:

Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը հայտարարել է, որ աշխատանքային խմբի այսօրվա հանդիպման նպատակը Պուտինի առաջարկությունների մշակումն է. - «Դա կլինի երկկողմ տեխնիկական գնահատական»:

ՄըքՔորմաքը նաեւ նշել է, որ Բուշի վարչակազմը դեմ չէ Մոսկվայի առաջարկությունները Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում քննարկելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG