Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը


Ամիսներ շարունակ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հանրային ռադիոընկերությունը բանակցություններ են վարել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի հետ` մի շարք պայմանագրային, ֆինանսական եւ տեխնիկական հարցեր քննարկելու եւ լուծելու նպատակով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հուլիսի 24-ի հայտարարությունը պարունակում է մի շարք էական անճշտություններ եւ չի արտացոլում անցյալ շաբաթ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հանրային ռադիոընկերության եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի միջեւ տեղի ունեցած քննարկումների էությունն ու ոգին: Նկատի ունենալով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայտարարության անհամապատասխանությունը իրականությանը` Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հանրային ռադիոընկերությունը ստիպված են հանդես գալ հայտարարությամբ, որպեսզի պարզաբանվեն եւ ճշգրտումներ կատարվեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայտարարության վերաբերյալ:

Այս պահին չկա որեւէ պայմանագիր Հանրային ռադիոընկերության եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի կամ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի միջեւ վերահեռարձակման ծառայությունների մատուցման վերաբերյալ:

Այնուամենայնիվ Հանրային ռադիոընկերությունը, դրսեւորելով բարի կամք, շարունակել է վերահեռարձակել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները այդ բանակցությունների ընթացքում եւ յուրաքանչյուր ամիս ներկայացրել այդ ծառայությունների դիմաց հաշիվներ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վճարումներ է կատարել մինչեւ 2007 թվականի փետրվար ամիսը, որից հետո դրանք դադարեցվել են, չնայած հաշիվները շարունակվել են ներկայացվել ամեն ամիս:

Ներկայումս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին մատուցված վերահեռարձակման ծառայությունների դիմաց ժամկետանց պարտքերը կազմում են մոտ 86 հազար ԱՄՆ դոլար:

Այլ կերպ ասած` 2007 թվականի փետրվար ամսից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերահեռարձակումը ֆինանսավորվել է Հանրային ռադիոյի կողմից այն միջոցների հաշվին, որոնք հատկացվել են ՀՀ պետական բյուջեից:

Հանրային ռադիոն ոչ թե մերժել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի` վճարումներ կատարելու մասին առաջարկությունները, այլ մի շարք գրություններ է ներկայացրել` պահանջելով ժամկետանց գումարների անհապաղ վճարումները:

2007 թ. հուլիսի 6-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, նկատի առնելով հանրային հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության ընդհանուր միջազգային փորձը, որոշեց դադարեցնել Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ արտասահմանյան եւ տեղական հեռարձակողների ծրագրերի վերահեռարձակումը:

Մասնավորապես, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հուլիսի 6-ի որոշմամբ հանձնարարել է Հանրային ռադիոյին եւ Հանրային հեռուստաընկերությանը ծանուցել բոլոր տեղական եւ օտարերկրյա հեռարձակողներին, որ օգոստոսի 9-ից հետո իրենց ծրագրերն այլեւս չեն վերահեռարձակվելու Հանրային ռադիոյով եւ Հանրային հեռուստատեսությամբ:

Նման ծանուցումները ներկայացվել են երեք հեռարձակողների` «Միր» հեռուստառադիոընկերությանը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին եւ «Ցայգ» հեռուստաընկերությանը: Հետեւաբար բոլոր երեք հեռարձակողներն էլ պատշաճ կերպով ծանուցված են եղել խորհրդի քաղաքականությանը եւ խորհուրդ է տրվել նրանց պայմանավորվածություններ ձեռք բերել մինչեւ օգոստոսի 9-ը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն ի պատասխան այդ ծանուցմանը` խնդրել է երկարացնել այդ ժամկետը: Հանրային ռադիոընկերությունը, դարձյալ բարի կամք դրսեւորելով, ընդունեց երկարաձգման առաջարկը: Ավելին, թե’ Խորհուրդը, թե’ Հանրային ռադիոն պատրաստակամություն են հայտնել աջակցելու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ հայկական մասնավոր ռադիոընկերությունների միջեւ բանակցություններին, որպեսզի ապահովվի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի շարունակական վերահեռարձակումը Հայաստանում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հուլիսի 24-ի հայտարարությունը ճիշտ է ներկայացնում, որ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի պատվիրակությունը ժամանել է Երեւան մի շարք աննշան տեխնիկական հարցեր հարթելու նպատակով: Դրանք կապված էին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը մասնավոր ռադիոընկերությունների ցանցերի միջոցով ապահովելու խնդրին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի պատվիրակության հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած քննարկումների հիման վրա ՀՀՌԸ խորհուրդը քննարկել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակման հնարավորությունը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիոընկերության միջոցով: Նման հեռարձակումը տեխնիկապես հնարավոր դարձնելու նպատակով Հանրային ռադիոն պետք է նվազեցնի իր հեռարձակման ժամերը «Ար ռադիո»-ի FM ցանցով, որպեսզի այդ ժամերը հատկացվեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին:

Հանրային ռադիոն եւ «Ար ռադիոն» ձեռք բերեցին նախնական համաձայնություն այդ տեխնիկական հարցերի վերաբերյալ, եւ հուլիսի 24-ին գրություն ուղարկվեց Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի տնօրեն, պարոն Գարրի Թետչերին` նրան տեղեկացնելով այդ զարգացումներին:

Պարոն Թետչերին ուղղված գրությունից անմիջապես հետո` հուլիսի 25-ին, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը ներկայացրեց իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանագրի նախագիծը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիոընկերության միջոցով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերահեռարձակման վերաբերյալ, եւ կողմերն այդ նախագծի շուրջ վերջնական բանակցությունների փուլում էին, երբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տարածեց իր հայտարարությունը:

Հայտարարության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններն ու զուտ իրավաբանական-պայմանագրային եւ ֆինանսական հարցերը քաղաքականացնելու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փորձը հարուցել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ափսոսանքը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հանրային ռադիոընկերությունն իրենց հարաբերությունները գործընկերների, այդ թվում` «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ կառուցել եւ կառուցում են ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան եւ միշտ ապահովել են տեսակետների բազմազանությունը Հանրայինի եթերից: Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության նման ջանքերը բարձր են գնահատվել միջազգային, այդ թվում` ԵԱՀԿ-ի դիտորդների զեկույցներում, որոնք կազմվել են 2007 թ. մայիսին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում կատարված դիտարկումների ժամանակ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ Հանրային ռադիոընկերությունը վերահաստատում են իրենց ցանկությունը շարունակելու Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցությունը` ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG