Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները արձագանքում են «Ազատություն» ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակումների խորհրդի հաղորդագրությանը


Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները տարակերպ մեկնաբանություններ տվեցին այսօր «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի (ԱՀՏԽ) հաղորդագրությանը, որով մտահոգություն է հայտնվում, որ, ըստ Հանրային ռադիոյի ծանուցման, օգոստոսի 9-ից «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները չեն վերահեռարձակվի Հանրային ռադիոյի հաճախականություններով:

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարներից Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նման տպավորություն չունի նշված հաղորդագրությունից:

«Հայտարարությունից ես չեմ տեսնում, որ վերջնականորեն հարցը փակված է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թորոսյանը: - «Ինչ-որ հույսեր, այնուամենայնիվ, կան: Ինձ թվում է` դեռեւս խնդիրը փակված չէ, դեռեւս հնարավորություններ կան»:

Թորոսյանը կրկին պնդեց, որ հուլիսի սկզբին Ազգային ժողովում մերժված փաթեթը «Ազատություն» ռադիոկայանի հետ իրավական առնչություն չուներ:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, «Ազատություն» ռադիոկայանի հետ պայմանագրի երկարաձգման մերժումը «ո'չ տեխնիկական հարցերի հետ է կապված, ո'էլ ֆինանսական հարցերի». - «Ուղղակի մինչեւ վերջ ժողովրդին պահել ապաինֆորմացված վիճակում եւ քարոզել այն, ինչ որ իրենք են ուզում»:

Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեության մասին Մանուկյանը ասաց. - «Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից, բայց Հայաստանում ես երբեք չեմ լսել, որ այդ ռադիոկայանը հատուկ քարոզչություն իրականացնի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գծի վերաբերյալ... Պետք է ասել, որ «Ազատություն»-ը ամենալսվող ռադիոկայանն է շրջաններում, գյուղերում, Երեւանում»:

Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը այս կապակցությամբ ասաց. - «Կողմ եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվի: Ես համարում եմ, որ ցանկացած ռադիոկայան կամ տելեկայան Հայաստանում պետք է կարողանա իրեն դրսեւորել... Բայց դա պետք է արվի կոմերցիոն հիմունքների վրա»:

«Պետական հնարավորությունները տրամադրել ուրիշին` սա տրամաբանությունից դուրս է: Դաշնակցության համար առաջնահերթ են Հայաստանի շահերը», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ «Ազատություն» ռադիոկայանը դեմ է գործում Հայաստանի շահերին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Հայաստանի շահերին դեմ չի գործում, բայց Հայաստանի շահերին համապատասխան էլ չի գործում»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` «դա իշխանությունների հրահանգն է». - «Այն, ինչ չհաջողվեց Ազգային ժողովի միջոցով, փորձում են կատարել այլ ճանապարհով: Ես դա համարում եմ դատապարտելի երեւույթ եւ անընդունելի քայլ խոսքի ազատության դեմ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Միայն նեղ անձնական շահերով առաջնորդվելու չակերտված քաղաքական կամքը, ցավոք սրտի, մեր երկրում պետական իշխանության կառավարման գործելակերպ է»:

Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե որքանով ինքը տեղյակ է, քննարկումները այս խնդրի շուրջ դեռեւս շարունակվում են:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG