Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Ռար. «Վրաստանի եւ Մոլդովայի ճակատագիրը լուծվում է Կոսովոյում»


«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակած հոդվածում Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի ԱՊՀ-ի եւ Ռուսաստանի ծրագրի տնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր Ռարը պնդում է, որ շնորհիվ Ռուսաստանի գործադրած ջանքերի, Մարթի Ահթիսաարիի ծրագիրը չի ընդունվել, բայց եւ վերջնականապես չի տապալվել:

«Հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Կոսովոյի գծով շփման խումբ տեղափոխելը շատ լուրջ փոխզիջում էր: Դա ժամանակի գործոնը կիրառելու եւս մեկ փորձ է: Իսկ ժամանակն աշխատում է «տաք գլուխների» դեմ, որոնք քիչ չեն թե' Պրիշտինայում եւ թե' Վաշինգտոնում», - գրում է վերլուծաբանը:

Նրա համոզմամբ, հիմա խոսքը ոչ թե քաղաքական գործիչներինն է, այլ փորձագետներինը, «որոնք տեղերում իրավիճակի լրացուցիչ քննություն են անցկացնելու»:

«Մոսկվան այժմ կարող է հերքել Արեւմուտքի մեղադրանքները, թե ռուսական կողմը սոսկ ի հեճուկս ամերիկացիների է ասում «ոչ»: Բայց Մարթի Ահթիսաարիի ծրագրի աջակիցներն էլ ձեռքերը ծալած չեն նստի: Նրանք վճռական են ծրագիրը մինչեւ վերջ իրագործելու հարցում», - գրում է Ռարը: Նրա կարծիքով, միանգամայն կանխատեսելի է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի դիրքորոշումը. - «Կոսովոյի հարցում հաղթանակը Բուշի համար չափազանց կարեւոր է իր պաշտոնավարման ավարտական փուլում»:

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները: Կոսովոյի ալբանացիների ղեկավար Ագիմ Չեկուն արդեն ասել է, որ Կոսովոն Ալբանիայի անկախության օրը՝ նոյեմբերի 28-ին անկախություն կհռչակի եւ հարկ եղած դեպքում դա վերստին կպաշտպանի զենքով: Բայց այդ դեպքում սերբերն էլ կարող են զենքի դիմել, եւ իրավիճակը շատ արագ դուրս կգա վերահսկողությունից:

Ռարի փոխանցմամբ, Վրաստանի եւ Մոլդովայի ճակատագիրը լուծվում է Կոսովոյում, քանի որ այդ երկրամասի անկախության հռչակումը կամ մեխանիկական ճանաչումը շղթայական ռեակցիա կհարուցի նմանօրինակ խնդիրներ ունեցող այլ երկրներում ու նախեւառաջ ԱՊՀ-ի տարածքում:

Վերլուծաբանի կարծիքով, այդ դեպքում միանգամայն օրինաչափ կդառնա Կոսոովոյի ճանապարհով գնալու Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Մերձդնեստրի ցանկությունը. - «Շատ բան կախված կլինի Ռուսաստանից: Նախագահ Վլադիմիր Պուտինը արեւմտյան մեկնաբաններին վերջերս ասել է, որ եթե Կոսովոն անկախություն ստանա՝ Ռուսաստանն արմատապես կվերանայի իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքում»:

Եզրափակելով հոդվածը` Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի ԱՊՀ-ի եւ Ռուսաստանի ծրագրի տնօրեն, վերլուծաբան Ալեքսանդր Ռարը գրել է. - «Արդյո՞ք Ռուսաստանն ունի խիզախություն եւ քաղաքական կամք՝ չճանաչված հանրապետությունների կողմը բռնելու համար: Ամենայն հավանականությամբ, մենք շատ շուտով կստանանք այդ հարցի պատասխանը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG