Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի ճանաչում ղարաբաղյան ընտրությունների օրինականությունը


Եվրամիությունը չի ճանաչում հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների օրինականությունը: Այդ մասին ասված է Եվրամիությունում նախագահող Պորտուգալիայի պաշտոնական հայտարարությունում:

«Եվրամիությունը ընդգծում է, որ չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվրամիությունը չի ճանաչում նաեւ այդ «նախագահական ընտրությունների» օրինականությունը, որոնք չպետք է որեւէ ազդեցություն ունենան Lեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա», - հայտարարում է Եվրամիության նախագահողը:

Փաստաթղթում, որը տեղադրված է Եվրամիության նախագահողի պաշտոնական կայքէջում, կոչ է արվում «փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց ապահով, անվտանգ եւ արժանապատվորեն իրենց տները վերադառնալու իրավունք ընձեռել, որպեսզի նրանք լիարժեքորեն մասնակցեն ընտրական գործընթացներին»:

«Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին եւ դրա համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին: Եվրամիությունը կոչ է անում շահագրգիռ կողմերին` աշխուժացնել ջանքերը բանակցությունների ճանապարհով հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG