Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների արդյունքները


ՆԱՏՕ-ն չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղում այսօր անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակ Ջեյմս Ափաթուրայը:

«Մենք տեղյակ ենք, որ այսպես կոչված նախագահական ընտրություններ են տեղի ունենալու հուլիսի 19-ին, այսինքն` վաղը: Միջազգային մյուս կազմակերպությունների եւ կառույցների նման, ՆԱՏՕ-ն չի ճանաչում [Լեռնային Ղարաբաղի] նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես չի ճանաչելու այնտեղ անցկացվող ցանկացած ընտրության արդյունքները», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լեո Պլատվոետը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե «Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որեւէ պետության, նույնիսկ Հայաստանի կողմից, հետեւաբար, այնտեղ ընտրվելիք նախագահը միջազգային ասպարեզում չճանաչված կմնա»: Միաժամանակ, նա ասել էր, որ Ղարաբաղի նախագահը «կարող է դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ղեկավար»:

Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալան Վադամսը, իր հերթին, երեկ հայտարարել էր, թե Եվրամիությունը չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղում անցկացվող նախագահական ընտրությունների արդյունքները: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը որպես հանրապետություն ճանաչված չէ Եվրամիության անդամ երկրներից ոչ մեկի կողմից, հետեւաբար, «այդ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը բացասական կլինի»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG