Մատչելիության հղումներ

Մատենադարանի տնօրեն ընտրվեց Հրաչյա Թամրազյանը


Մատենադարանի` անցած շաբաթ ձեւավորված Կառավարման խորհուրդը երեկ փակ գաղտնի քվեարկությամբ այդ եզակի գիտական հաստատության նոր տնօրեն ընտրեց գրականագետ, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանին:

Պաշտոնի հավակնորդները երկուսն էին` Հրաչյա Թամրազյանը եւ Մատենադարանի գիտաշխատողներից Մանյա-Էռնա Շիրինյանը: Տիկին Շիրինյանը ստացավ 6 ձայն, Հրաչյա Թամրազյանը` 27:

54-ամյա Հրաչյա Թամրազյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, նարեկացիագետ, նախկինում երկար տարիների եղել է Մատենադարանի գիտաշխատող:

Իր ամենահրատապ անելիքը նոր տնօրենը Մատենադարանի սերնդափոխության հարցն է համարում:

«Սերնդափոխությունը այսօր ծանրագույն խնդիր է հայագիտության համար, եւ պետք է կարողանալ բնականոն հունի մեջ մտցնել այդ մեծ խնդիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Մատենադարանի ձեռագրերի`աղմուկ հանած թվայնացման գործընթացը Հրաչյա Թամրազյանը փակված հարց չի համարում:

«Թվայնացման ծրագիրը պիտի նորովի կազմակերպվի, քանի որ Հիլ - Մատենադարան այդ պայմանագիրը իրավամբ չեղյալ է հայտարարված, եւ ես կարծում եմ, որ բարեգործական հիմունքներով եւ կառավարության ընձեռած հնարավորություններով մենք կարող ենք լավագույնս տեղում կազմակերպել` մեր տեղական ուժերով, թվայնացման ողջ պրոցեսը», - ասաց Մատենադարանի նորընտիր տնօրենը` հավելելով. - «Ամենակարեւոր սարքը նվիրաբերված է հայ բարերար Պիեռ Գույումջյանի միջոցով: Դա ես պարզապես հոգեւոր խիզախում եմ համարում այս պահին: Եվ այդ հենքի շուրջ կկազմակերպվի Մատենադարանի ողջ աշխատանքը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG