Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժել է Կոսովոյի նախագիծը


Ռուսաստանը վճռական «ոչ» է ասել Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծին, որը կազմել են ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այժմ Արեւմուտքը բավական տհաճ վիճակում է հայտնվել եւ պետք է որոշի հետագա քայլերը:

Ըստ էության, կա երկու տարբերակ. կա'մ Անվտանգության խորհրդում քվեարկության դնել նախագիծը` քաջ գիտակցելով, որ ռուսները կօգտագործեն վետոյի իրավունքը, կա'մ էլ՝ շրջանցելով ՄԱԿ-ը, պարզապես ճանաչել Կոսովոյի անկախությունը` իմանալով, որ ռուսները դա համարում են անջատողական այլ երկրամասերի անկախությունը ճանաչելու վտանգավոր նախադեպ:

Նախագծով Կոսովոն գործնականում անկախություն կստանա, կունենա միջազգային կառույցներին անդամակցելու, արտասահմանում դիվանագիտական առաքելություններ բացելու, զինված ուժեր ունենալու, դրամավարկային անկախ քաղաքականություն իրականացնելու, պետական խորհրդանիշեր ընդունելու իրավունք:

Ամբողջությամբ անկախ երկրի կարգավիճակից տարբերությունը այն կլինի, որ Պրիշտինայում կգործի Եվրամիության կողմից նշանակված գրասենյակ, որը կունենա Կոսովոյի ընդունած օրենքները չեղյալ հայտարարելու եւ տեղացի պաշտոնյաներին աշխատանքից ազատելու իրավունք:

Այս նախագծի առաջին տարբերակը կազմել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարթի Ահթիսաարին: Դրանում կար եւս մեկ դրույթ այն մասին, որ կողմերը՝ Սերբիան եւ Կոսովոն, ստանում են բանակցելու 120 օր, եւ եթե համաձայնության չեն գալիս, ապա մեխանիկորեն ուժի մեջ է մտնում Կոսովոյի անկախության հռչակումը: Վերջին տարբերակում 120 օր բանակցելու հնարավորությունը պահպանվել է, բայց ձախողման դեպքում անկախության հռչակումը տեքստից դուրս է հանվել:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, որ չնայած այդ հանգամանքին, տեքստի էությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Կոսովոյի անկախության հայեցակարգ:

«Դա, փաստորեն, Ահթիսաարիի ծրագրի ծածուկ տարբերակն է: Նախագծի ընդունման շանսերը հավասար են զրոյի», - հայտարարել է Չուրկինը:

Քաղաքական վերլուծաբանները նշում են, որ Մոսկվայի առարկությունների դրդապատճառներից մեկն այն է, որ եթե Կոսովոյում ՄԱԿ-ի վարչակազմի փոխարեն ստեղծվի Եվրամիության վարչակազմ, դա է'լ ավելի կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Բալկաններում:

Այժմ Կոսովոյի ալբանացիները պնդում են, թե պատրաստ են անտեսել միջազգային համայնքի կարծիքը եւ անկախություն հռչակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այդ առիթով հորդորել է Կոսովոյի ղեկավարներին չսրել իրավիճակը եւ չդիմել միակողմանի քայլերի: Նա ասել է, թե ներկայիս կարգավիճակ երկարաձգումն էլ ցանկալի չէ ոչ միայն Բալկանների, այլեւ բոլոր մնացած եվրոպական երկրների համար: Միաժամանակ Բան Կի-մունը կրկնել է արեւմտյան երկրների ղեկավարների այն միտքը, որ Կոսովոն չի կարելի համարել այլ հակամարտությունների կարգավորմանն նախադեպ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG