Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարան չի պատրաստվում ճանաչել Lեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների արդյունքները


«Թուրքիան ոչ մի դեպքում չի ճանաչի [Լեռնային Ղարաբաղի] նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրություններ, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չեն», - ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության` այսօր տարածած հայտարարության մեջ:

Թուրքական դիվանագիտության ներկայացուցիչները նաեւ պնդում են, որ հուլիսի 19-ին Ղարաբաղում ընտրություններ անցկացնելու նպատակը «առկա ստատուս-քվոն օրինկականացնելն է»:

«Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի հայտնի բանաձեւերին ու ԵԱՀԿ-ի սկզբունքներին», - պնդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Գրեթե նույն դիրքորոշումն է որդեգրել պաշտոնական Բաքուն: Հուլիսի 5-ին տարածված հայտարարության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «ընտրությունները կարող են ազատ ու արդար համարվել միայն այն դեպքում, եթե դրանքում ապահովվի արտաքսված ադրբեջանական բնակչության մասնակցությունը»:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում այս թեզը կրկնեց նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Խազար Իբրահիմը. - «Ադրբեջանական կողմի տեսակետը հստակ է եւ անփոփոխ` այս ընտրությունները օրինական չեն եւ որեւէ իրավական հետեւանք ունենալ չեն կարող: Ապագայում նախատեսվող ցանկացած ընտրություն կարող է համարվել արդար եւ օրինական` եթե անցկացվի ադրբեջանական սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությամբ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG