Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան վտարում է ռուսաստանցի դիվանագետներին


Մեծ Բրիտանիան վտարում է ռուսաստանցի չորս դիվանագետների եւ սառեցնում այցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները` ի պատասխան Ռուսաստանի անվտանգության մարմինների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մեջ կասկածյալին էքստրադիցիայի ենթարկելուց պաշտոնական Մոսկվայի հրաժարման: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը` երեկ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

«Նախ եւ առաջ, մենք վտարելու ենք չորս դիվանագետների Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունից: Երկրորդ, մենք վերանայելու ենք Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը մի շարք հարցերում, եւ որպես առաջին քայլ` մենք սառեցրել ենք Ռուսաստանի հետ բանակցությունները այցագրային ռեժիմի մեղմացման հարցով եւ այլ փոփոխություններ ենք արել այդ ռեժիմի հետ կապված», - հայտնել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ռուսաստանը հրաժարվում է էքստրադիցիայի ենթարկել գործարար, պետական անվտանգության նախկին գործակալ Անդրեյ Լուգովոյին, ում Մեծ Բրիտանիան ցանկանում է մեղադրանք առաջադրել 2006 թվականի նոյեմբերին Լոնդոնում Լիտվինենկոյի սպանության համար:

Ռուսաստանը անմիջապես դատապարտել է իր դիվանագետների վտարումը` հայտարարելով, որ պատասխան միջոցներ է ձեռնարկելու:

«Լոնդոնի դիրքորոշումը անբարոյական է», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը: - «Լոնդոնը պետք է հասկանա, որ բրիտանական իշխանությունների ձեռնարկած սադրիչ գործողությունները անպատասխան չեն մնա եւ լրջագույն հետեւանքներ կունենան ռուս - բրիտանական հարաբերությունների համար»:

Կամինինի խոսքերով, նախարար Սերգեյ Լավրովը «դա պարզ ասել է իր բրիտանացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում»:

Միացյալ Թագավորության վարչապետ Գորդոն Բրաունը, ով գտնվում է Բեռլինում, հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է «հնարավորինս լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ», սակայն միաժամանակ պաշտպանել է ռուսաստանցի դիվանագետների վտարման որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG