Մատչելիության հղումներ

Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը կտեղակայվի


Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգը Լեհաստանում կտեղակայվի` չնայած Ռուսաստանի առարկություններին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Համակարգը գոյություն կունենա, քանի որ Լեհաստանի համար դա շատ լավ կլինի», - «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` ասել է Կաչինսկին:

Լեհաստանի նախագահը հայտնել է, որ մի շարք հարցեր, այդ թվում` ռազմակայանի զբաղեցնելիք տարածքի եւ այնտեղ տեղակայվելիք ամերիկացի զինվորների քանակի հետ կապված, դեռեւս պետք է հստակեցվեն:

«[Տեղակայման] վայրը տեխնիկական մակարդակում արդեն որոշված է, սակայն որտեղ այն կլինի` մենք կհայտարարենք շուտով», - ասել է Կաչինսկին:

ԱՄՆ-ի եւ Լեհաստանի նախագահները մեկ անգամ եւս վստահեցրել են, որ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ հակառակը` դրա նպատակն է ապահովել ամբողջ Եվրոպայի անվտանգությունը:

Հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում Միացյալ Նահանգները ցանկանում է 10 հրթիռ տեղակայել Լեհաստանի հյուսիսային մասում եւ ռադար` Չեխիայում:

Չեխիայի հետ արդեն իսկ համաձայնեցվել է ռադարի տեղակայման վայրը:

Այս ծրագիրը հարուցել է պաշտոնական Մոսկվայի կտրուկ հակազդեցությունը` չնայած ԱՄՆ-ի հավաստիացումներին, որ ստեղծվելիք համակարգի նպատակն է «վտարյալ երկրներից», այդ թվում Իրանից եւ Հյուսիսային Կորեայից բխող հնարավոր վտանգից պաշտպանվելը:

Անցած ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ջորջ Բուշին առաջարկեց համատեղ օգտագործել Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, սակայն ամերիկյան կողմը, ի վերջո, հայտարարեց, որ այդ կայանի համատեղ օգտագործումը չի կարող փոխարինել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրերը:

Անցած շաբաթավերջին Պուտինը հայտարարեց Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին, ինչը փորձագետները մեկնաբանում են որպես ճնշում` կապված Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության ծրագրերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG