Մատչելիության հղումներ

Դինքի ընտանիքը ոստիկանությանը մեղադրում է մարդասպանին հովանավորելու մեջ


Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը անցած շաբաթավերջին դատախազությունից պահանջել է իրավական գործողություններ ձեռնարկել ոստիկանության դեմ` մարդասպանին հովանավորելու մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հայցը վերաբերում է անվտանգության ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր «հիշատակի համար» լուսանկարվել էին Դինքի սպանությունը կատարելու համար Սամսուն քաղաքում ձերբակալված 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի հետ:

Լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներում պատկերված էին ոստիկանության պաշտոնյաներ` Թուրքիայի դրոշը ձեռքում բռնած Սամասթի հետ, ինչը առիթ տվեց մեղադրանքների, որ որոշ պաշտոնյաներ անբացահայտ հավանություն են տվել սպանությանը:

«Պաշտոնյաները ողջունում էին սպանության մեջ կասկածյալին որպես ազգային հերոսի եւ հերթ կանգնում նրա հետ լուսանկարվելու համար», - գրել են Դինքի ընտանիքի փաստաբանները ոստիկանության եւ տեղական կիսառազմականացված ուժերի 21 ներկայացուցիչների դեմ հայցադիմումում:

«Անատոլիա» գործակալության վկայությամբ, փաստաբանները պահանջում են իրավապահների նկատմամբ դատական գործ հարուցել` պաշտոնեական դիրքը չարաշահելու, քրեական հանցագործին հովանավորելու եւ հանցագործությունը ողջունելու հատկանիշներով, եւ չեղյալ հայտարարել ավելի վաղ Սամսունի դատախազության կայացրած որոշումը նման գործ հարուցելու հիմքերի բացակայության վերաբերյալ:

Թուրքիայի իրավապահ մարմինները քննադատվում են նաեւ այն բանում, որ չեն կանխել Դինքի սպանությունը` չնայած տեղեկություններ ունեին Տրապիզոնում նախապատրաստվող մահափորձի մասին:

«Ակոս»-ի խմբագրապետի սպանության գործով որեւէ պաշտոնյայի մեղադրանք չի առաջադրվել:

Գործով դատավարությունը սկսվել է հուլիսի 2-ին, ապա դատարանն այն հետաձգել է մինչեւ հոկտեմբեր` ընդունելով քննությունը ընդլայնելու մասին Դինքի ընտանիքի փաստաբանների միջնորդությունը:

Հրանտ Դինքի սպանության գործով ներկայումս անցնում է 18 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG