Մատչելիության հղումներ

Էթիեն Մահչուպյան. «Թուրքահայերի 60 տոկոսը կքվեարկի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին»


Թուրքիայում հուլիսի 22-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում երկրի հայ համայնքի շուրջ 60 տոկոսը քվեարկելու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին: Այդ մասին գրում է «Թրքիշ դեյլի նյուս»-ը` վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» երկլեզու թերթի խմբագիր Էթիեն Մահչուպյանի` «Տեմպո» հանդեսին տված հարցազրույցը:

Մահչուպյանը, ընդգծելով, որ թուրքահայերը միշտ քվեարկել են աջ-կենտրոնամետ ուժերի օգտին, ասել է. - «Թուրքահայերի 60 տոկոսը կքվեարկեն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին»: Համայնքի մնացած ձայները, ըստ «Ակոս»-ի խմբագրի, կբաշխվեն ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության, ազգայնական Երիտասարդական կուսակցության եւ աջ-կենտրոնամետ Ժողովրդավարական կուսակցության միջեւ:

Ստամբուլի հայաշատ երկրորդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորներից, ինչպես հայտնել է Մահչուպյանը` վկայակոչելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, հայ համայնքը նախապատվությունը կտա անկախ թեկնածու, պրոֆեսոր Բասքըն Օրանին:

Ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը եւս հայտարարել էր, թե հայերը ընտրություններում աջակցելու են իշխող կուսակցությանը:

Սակայն օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը տվյալ թեմայի առնչությամբ հայտարարել էր, թե «այս պահի դրությամբ համակրանքների իմաստով համայնքի անունից ընդհանրացումներ անել, ըստ երեւույթին, չի կարելի եւ սկզբունքորեն էլ ճիշտ չէ»:

«Թուրքիայի հայ համայնքն էլ, իր հերթին, շերտավորված հավաքականություն է, եւ մենք դժվար թե կարողանանք ընդհանրացումներ անել եւ համայնքի անունից խոսել: Ինձ թվում է, որեւէ մեկը չի կարող այդպիսի կանխատեսում անել կամ այդպիսի ազդեցություն ունենալ համայնքի վերաբերմունքը, կողմնորոշումները ձեւավորելու տեսակետից», - ընդգծել էր Գոչունյանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG