Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, տեղեկացնում է. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովում իր կուսակցությունը ներկայացնող պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունն է հայտնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի տապալման առիթով: Եվ խնդիրն այն չէ, որ Ծառուկյանը ոգեւորված է Հայաստանում խոսքի ազատությանը սպառնացող այդ փոփոխության չընդունվելու համար, նրան մեծ բավականություն է պատճառել ՀՀԿ-ի նախագծի տապալումը: Եվ ուրախացել է Սերժին մատ անելու կապակցությամբ»:

«Հայք» թերթի փոխանցմամբ` Հանրապետական կուսակցության հուլիսի 14-ին նախատեսված արտահերթ համագումարի հետաձգման պատճառը կուսակցության ներսում առկա տարաձայնություններն ու լարվածությունն են։ Մասնավորապես, ըստ թերթի, նախատեսվում էր, որ «համագումարին պետք է վերացվի կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ խորհրդի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն էլ դառնար ՀՀԿ-ի նախագահ»։ Այս փաստին, ըստ թերթի, դեմ են եղել հին հանրապետականները՝ պնդելով, որ կուսակցության պաշտոնները «խաղալիք չեն, որ ով ինչպես ուզի դասավորի». - «Բացի այդ, համագումարին նախատեսված էր, որ պետք է ՀՀԿ-ն հայտարարի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին։ Սակայն, երկար-բարակ մտածելուց հետո նրանք եկել են այն եզրակացության, որ իրենց վաղաժամ քայլը է'լ ավելի կնվազեցնի Սերժ Սարգսյանի՝ առանց այն էլ ցածր վարկանիշը»։

«Իսկական իրավունք»-ը, իր հերթին, պնդել է, որ ՀՀԿ-ի արտահերթ համագումար անցկացնելու դեպքում վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված կլիներ պահպանել ՀՀԿ-ի ներսում ստեղծված ստատուս քվոն: «Մինչդեռ, ՀՀ նախագահի բարձունքին ձգտող վարչապետը, թերեւս, մերձավոր թիմակիցների փոքր-ինչ այլ կազմ է պատկերացնում», - գրել է թերթը` կանխատեսելով. - «Մինչեւ աշուն՝ ՀՀԿ-ի հերթական համագումարը, Սերժ Սարգսյանը կհասցնի տարատեսակ մեթոդներով ոմանց «հարցերը լուծել», ոմանց «խելոքացնել», ոմանց էլ՝ ուժեղացնել։ Եվ աշնանը նա կունենա ՀՀԿ-ի խորհրդի այնպիսի կազմ, որն իրեն անհրաժեշտ է։ Բացի այդ, անցյալ տարի Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի խորհուրդը ձեւավորելիս, չէր կարող հաշվի չնստել Անդրանիկ Մարգարյանի շահերի հետ, եւ այդ շահերը ներկայացնողների կարգավիճակն այսօր անորոշության մեծ չափաբաժին է պարունակում»: «Չպետք է բացառել, որ ՀՀԿ-ում սպասում են նաեւ հնարավոր այնպիսի «ֆորսմաժորայի», ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը», - հավելել է «Իսկական իրավունք»-ը։

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ սարքված գործը «վերջնականապես մտել է փակուղի»: «Բանն այն է, որ այս պահին ոչ մի դատավոր չի համաձայնվում իր վարույթ ընդունել Արզումանյանի գործը», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Օրերս դատական խորհրդակցություն է անցկացվել, որտեղ դատավորները քննարկվել են Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը եւ ապշել են նրանում որեւէ ապացուցողական փաստի բացակայությունից։ Այդ մասին տեղյակ է պահվել գործը վարող քննիչին, իսկ վերջինս էլ շեշտել է, որ եղած-չեղածը դա է, իսկ պատվերը գալիս է ամենավերեւից»։

Շիրակի մարզի հարկային տեսչության նախկին պետ Լիդա Նանյանին մարզպետի պաշտոնին նշանակելու շարժառիթներին անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ը տեղեկացրել է, թե նորանշանակ մարզպետը Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության վարչության պետ Զավեն Նանյանի քույրն է: «Հենց Զավեն Նանյանի շնորհիվ է տարիներ առաջ Շիրակի հարկայինի ղեկավար Մարտին Զիլֆիմյանն ազատվել աշխատանքից, եւ նրա փոխարեն նշանակվել է Լիդա Նանյանը», - գրում է թերթը` հավելելով. - «Ըստ հավաստի տեղեկությունների, Զավեն Նանյանն այս անգամ էլ մեծ դեր է խաղացել իր քրոջը Շիրակի մարզպետ նշանակելու հարցում»:

«Վահրամ Բարսեղյա՞նը, թե՞ Արկադի Ղուկասյանը» վերնագրի տակ «Իրավունք»-ը տեղեկացրել է. - «Աշնանը կձեւավորվի ՀՀ Վերահսկիչ պալատը, որի մեջ կմիավորվեն նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայությունները, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերահսկողական վարչությունը եւ ԱԺ-ի Վերահսկիչ պալատը։ Թերթի պնդմամբ, «գերհզոր այս կառույցի ղեկավարի պաշտոնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի թեկնածությունից բացի, շրջանառվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG