Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը պատրաստ է իր վրա վերցնել «համախմբողի դերը»


Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հինգշաբթի օրը կրկին հնչեցրեց իր կարծիքը, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելը «հաղթող տարբերակ» է:

Ու թեեւ ԱԺՄ-ի առաջնորդը հստակ պատասխան չտվեց հարցին, թե կկարողանա՞ արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո փոշիացած ընդդիմությունը միավորվել, նա հայտարարեց, որ պատրաստ է իր վրա վերցնել ընդդիմադիր ուժերին համախմբողի դերը:

«Պատասխանատվության հարց է», - ասաց նա: - «Մի քանի անգամ հայտարարել եմ, որ համաձայն եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը... Բայց ես հասկանում եմ, որ խնդիրը չի լուծվում մեկ անձով կամ մի ինչ-որ կուսակցությունով: Խնդիրը կարող է լուծվել ամբողջ հասարակության եւ ընդդիմադիր այն ուժերի համախմբումով, որոնք ամբողջովին նոր մոդելի կողմնակիցը պիտի լինեն: Ներքին համոզվածություն ունեմ, որ 2008 թվին կհաջողվի դա անել»:

Վազգեն Մանուկյանը չհերքեց շրջանառվող լուրերը, թե ժամանակին ԱԺՄ-ից հեռացած Շավարշ Քոչարյանը եւ Արշակ Սադոյանը կարող են վերադառնալ ԱԺՄ: «Չեմ բացառում, որ ոչ միայն իրենց հետ, այլ նաեւ ուրիշ քաղաքական ուժերի հետ հնարավոր կլինի միասնական կուսակցություն ստեղծել», - ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Դրա ժամանակը եկել է... Քաղաքական դաշտում պետք է լինեն 4-5 ուժեղ, մեծ կուսակցություններ, որոնք տարբերվում են իրենց գաղափարներով, եւ ոչ թե 50»:

Մանուկյանն ասաց, թե դեռեւս լրջորեն չի մտածել նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին, քանի որ վերջինս շարունակում է լռել. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի լռել է, ոչինչ չի ասում: Կողքին մարդիկ են հայտնվել, որոնք քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր գործիչներին խփում են` դաշտը ազատելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար: Եվ դրանով ծառայում են ամենաշատը հենց իշխանություններին»:

Հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել ներկա իշխանությունների դեմ պայքարում հասարակության աջակցությունը ստանալու համար, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Այսպիսի իշխանությունների դեմ պետք է մի հսկայական կուսակցություն, որը իր մեջ կներգրավի հասարակության հսկայական ուժեր` տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց: Այդպիսի կուսակցություն, ցավոք սրտի, Հայաստանում չկա: Ժողովուրդը կուզենար իր առջեւ տեսնել մեկ միասնական թիմ, տեսնել ընդդիմադիր ուժերի համագործակցություն: Եթե այդպիսի բան չլինի, ապա նորից ժողովրդի կամքը մի քիչ փոշիացած կլինի»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG