Մատչելիության հղումներ

Թուրքիայում Հրանտ Դինքին հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակը


Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ակոս» երկլեզու թերթի պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանը:

Թուրքիայի լրագրողների միությունը, ըստ Սարգիս Սերոբյանի, որոշել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակը «Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածից տուժած եւ դրանով դատապարտված բոլոր լրագրողների ու գրողների անունից» հանձնել «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքին, հրատարակիչ Ռագիփ Զարաքօղլուին եւ փաստաբան Գյուլչին Չայլըգիլին:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հուլիսի 24-ին` Ստամբուլի «Դոլմաբահչե» պալատում:

«Ակոս»-ի պատասխանատու քարտուղարը ասաց, թե Հրանտ Դինքին մրցանակ շնորհելու մասին լուրը իրեն այնքան էլ չի ոգեշնչել. - «Սա պետական [մրցանակ] չէ, այդ պատճառով էլ ինձ համար մեծ նշանակություն չունի: Lրագրողների միությունը ազնվություն է ցուցաբերել եւ նման մրցանակ է շնորհել [Հրանտին], երանի թե նրա կենդանության օրոք տային: Մի կողմից, [Հրանտին] ճանաչում են տարվա ամենաքաջ լրագրող, մյուս կողմից` այս երկրում շարունակվում են լրագրողների դեմ դատավարությունները»:

«Ակոս»-ի պատասխանատու քարտուղարը նկատի ունի Հրանտ Դինքի որդու` Արատի եւ իր գործով դատավարությունը, որը շարունակվելու է հուլիսի 18-ին: Ստամբուլում դատախազությունը հունիսի 14-ին մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջել Արատ Դինքի եւ Սարգիս Սերոբյանի համար՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:

«Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքին եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանին հանրային գործերի նախարարությունը դատական պատասխանատվության էր կանչել Հայոց ցեղասպանությունը հաստատող՝ Հրանտ Դինքի հարցազրույցը վերահրատարակելու համար: Փաստորեն, նրանք մեղադրվում են նույն այն 301 հոդվածով, որով ժամանակին մի քանի անգամ մեղադրանք էր ներկայացվել Հրանտ Դինքին:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG