Մատչելիության հղումներ

Ուկրաինայում մեկնարկել է Sea Breeze - 2007 զորավարժությունը


Երկշաբաթյա զորավարժություններին մասնակցում են Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Կանադայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Լատիվայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Հայաստանի զինծառայողները:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «հայ զինծառայողներն ընդամենը դիտորդի կարգավիճակով են մասնակցում զորավարժություններին»:

Անցյալ տարի միջազգային զորավարժություններ անցկացնելու փորձի ժամանակ տեղի բնակիչները, հիմնականում` ծագումով ռուսները, բողոքի ակցիաներ էին կազմակերպել եւ արդյունքում տապալել զորավարժությունները: Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Խրիստենկոն հավաստիացրել է, որ այս անգամ նման բան չի լինի: Նրա խոսքերով, ուկրաինացի իրավապահները ճանապարհների շրջափակում չեն թույլ տա, եւ զորավարժությունները անպայման տեղի կունենան:

«Նախագահը, կառավարությունը եւ խորհրդարանը լիովին սատարում են այդ որոշմանը: Զորավարժությունների անցկացումը բխում է մեր երկրի, մեր զինուժի շահերից: Օրենքը մարդկանց տալիս է բողոքների, խաղաղ ակցիաների իրավունք, սակայն ոչ ոք չունի զորավարժությունների անցկացմանը միջամտելու իրավունք: Ով փորձի՝ կխախտի օրենքը, ինչը կկանխեն իրավապահները», - նախազգուշացրել է նախարարը:

Այս զորավարժությունները հոբելյանական են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության պատմության ընթացքում: Ճիշտ 10 տարի առաջ են տեղի ունեցել ուկրաինա-ամերիկյան առաջին զորավարժությունները:

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կապիտան Չիփ Ուոլթերը երեկ 0դեսայում ասել է, որ Sea Breeze («Ափազեփյուռ») - 2007» զորավարժությունների նպատակն է կատարելագործել խաղաղապահ առաքելությունների եւ մարդասիրական օգնության ապահովման գործողությունները: Բացի այդ, կապիտանի փոխանցմամբ, տարբեր երկրներից զորավարժություններին մասնակցող զինծառայողները մշակելու են թմրադեղերի, զենքի եւ մարդկանց ապօրինի փոխադրումների դեմ համատեղ պայքարի գործողություններ:

«Այս զորավարժությունները վկայում են, որ ԱՄՆ-ը եւ գործընկեր երկրները մտադիր են համատեղ ջանքերով ապահովել տարածաշրջանի եւ ափամերձ շրջանների կայունությունն ու անվտանգությունը», - ասել է կապիտան Ուոլթերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG