Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Ղարաբաղյան կարգավորման համաձայնագիրը պատրաստ է ստորագրման»


ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակային համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, եւ մնում է միայն, որպեսզի կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պատրաստել է շրջանակային համաձայնագիր, որում արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կողմերին հուզող բոլոր պահերը», - ասել է Լենմարկերը երեկ Կիեւում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանը: - «Փաստաթուղթը պատրաստ է երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրման, եւ մնում է քաղաքական կամք ցուցաբերել»:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներկայիս իրավիճակը անվանել է «ոսկե հնարավորություն» եւ ընդգծել է, որ իր այդ կարծիքում ավելի է համոզվել փետրվարին Հարավային Կովկաս այցելելուց հետո:

Նա վստահեցրել է, որ խաղաղ համաձայնագիրը մեծ առավելություններ կտա «երկու կողմերին» էլ .- «Հազարավոր բռնի տեղահանվածներ եւ փախստականներ կարող են վերադառնալ իրենց տները եւ սկսել բնականոն կյանք: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը երկու երկրներին հնարավորություն կտա աշխատել Վրաստանի հետ իրոք անվտանգ, ժողովրդավարական ճանապարհով զարգացող տարածաշրջանի կառուցման ուղղությամբ»:

Իսկ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակի մասին Գորան Լենմարկերը խորհուրդ է տվել նույնիսկ չմտածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG