Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Գաբալայի կայանի շուրջ զարգացումները լուրջ հետեւանք չեն ունենա


Ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ վերջին զարգացումները որեւէ լուրջ հետեւանք չեն ունենա, եւ առաջիկա տարիներին այն կշարունակի գործել բացառապես Ռուսաստանի հովանու ներքո:

Քաղաքագետ Արիֆ Յունուսովի պնդմամբ, մասնավորապես, զուտ տեխնիկապես Գաբալայի կայանը կարող են օգտագործել միայն ռուսները:

«Բալիստիկ հրթիռներին հետեւելու ամերիկյան համակարգը այլ է, նրանք այլ տեխնոլոգիաների հիման վրա էին դրանք կառուցում: Բացի այդ, կայանը վերահսկում է միայն հարավային կիսագունդն ու շրջված է Ռուսաստանից, ինչը ամերիկացիներին ձեռնտու չէ», - պարզաբանել է փորձագետը:

Յունուսովը համոզված է, որ նույնիսկ Գաբալայի կայանը տեխնիկապես վերազինելու` ռուսական կողմի պատրաստակամության պայմաններում ամերիկացիները, միեւնույն է, ռուսների առաջարկը չեն ընդունի:

«Պուտինը Բուշին շատ ծանր երկընտրանքի առաջ դրեց` այնպես մերժել, որպեսզի չտուժի Միացյալ Նահանգների իմիջն աշխարհում», - ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:

Իսկ Ադրբեջանի համար Գաբալայի կայանի հետ կապված իրադարձությունները, ըստ Արիֆ Յունուսովի, դարձան «պարզ գովազդային արշավ». - «Հիմա գոնե ավելի շատ պետություններ աշխարհում կտեղեկանան մեր երկրի մասին. չէ որ բազմաթիվ մարդիկ Ադրբեջանի մասին առհասարակ ոչինչ չգիտեին»:

Երեկ հակասական տեղեկություններ էին ստացվում Ադրբեջանի մայրաքաղաքից` կապված Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Բաքու կատարելիք հնարավոր այցի հետ:

Նախ ադրբեջանական գործակալությունները, վկայակոչելով Stratfor վերլուծական կենտրոնից ստացված տեղեկությունները, հաղորդում էին, թե Պենտագոնի ղեկավարը հուլիսի 9-ին ժամանելու է Բաքու` ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկելու Գաբալայի կայանի ճակատագիրը: Մասնավորապես, APA գործակալության պնդմամբ, Գեյթսը պաշտոնական Բաքվին փորձելու է համոզել, որպեսզի 2012 թվականից, երբ ավարտին մոտենա Գաբալայի կայանի վարձակալության ռուս - ադրբեջանական համաձայնագրի ժամկետը, այս կարեւոր ռազմական օբյեկտը հանձնվի ամերիկացի զինվորականներին:

Օրվա երկրորդ կեսին, սակայն, Բաքվում ամերիկյան դեսպանատունը պաշտոնապես հերքեց Գեյթսի սպասվող այցի մասին լուրը` վստահեցնելով, թե Պենտագոնի ղեկավարը մոտ ապագայում չի պատրաստվում այցելել Բաքու:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG