Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյան. «Իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել` «Ազատության» ձայնը լռեցնելու համար»


«Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, քաղաքական որոշում են ընդունել «Ազատություն» ռադիոկայանը փակելու հետ կապված, որը ես համարում եմ դատապարտելի մոտեցում», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: - «Երեկ խորհրդարանում մի քանի գործոնների համադրմամբ հնարավոր եղավ տապալել «Ազատության» ձայնը լռեցնելու` իշխանությունների պլանները»:

Անկախ պատգամավորի կարծիքով, երեկ, երբ Ազգային ժողովը չընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում կառավարության առաջարկած լրամշակումները, որոնք ընդունվելու դեպքում կարող էին խիստ սահմանափակել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը, կարեւոր դեր կատարեցին մի քանի գործոններ. - «Առաջինը դա մեր ժողովրդի բացասական վերաբերմունքն էր իշխանությունների այս քայլերի նկատմամբ, երկրորդը` արտաքին ազդակները, երրորդը` խորհրդարանական ընդդիմության կազմակերպվածությունը, չորրորդը` ներիշխանական մրցակցության հանգամանքը, հինգերորդը` խորհրդարանական կոճակային մեծամասնության անկազմակերպվածությունը»:

Հարցին, թե արդյո՞ք երեկ խորհրդարանում կատարվածով կսահմանափակվի գործընթացը, Դալլաքյանը արձագանքեց. - «Իմ տպավորությամբ, նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել «Ազատություն» ռադիոկայանի ձայնը լռեցնելու համար»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG