Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյանը պաշտպանում է Բակո Սահակյանի թեկնածությունը


Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության վարչության նախկին տնօրեն Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Ես համարում եմ, որ ամենաարժանի թեկնածուն Բակո Սահակյանն է», - ասաց Ղուկասյանը: - «Ղարաբաղի ապագան ես կապում եմ այս անվան հետ: Ես վստահ եմ, որ նա մեկն է, ով կարող է ապահովել ժողովրդավարացման կուրսի շարունակականությունը, եվրոպական արժեքներին համապատասխան երկրի կառուցումը: Նա մի մարդ է, որը կարող է իր շուրջը համախմբել Ղարաբաղի ժողովրդին` գերխնդիրների եւ այսօր օրակարգում եղած բոլոր խնդիրների լուծման համար»:

Արկադի Ղուկասյանի կարծիքով, Ղարաբաղում «իդեալական պայմաններ են ստեղծված ընտրությունների անցկացման համար»:

Լեռնային Ղարաբաղի համար «լավ ընտրություններ անցկացնելը գերխնդիր» է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղուկասյանը: - «Այն, ինչ թույլատրվում է ճանաչված պետություններին, չի հանդուրժվի չճանաչված պետությունների պարագայում»:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարը շեշտեց, որ մինչ այս Ղարաբաղում անցկացված բոլոր ընտրությունները «ԱՊՀ-ում լավագույն ընտրություններն էին»:

«Այնպես որ, այն ամենը, ինչ առնչվում է ժողովրդավարացման խնդիրներին, մեզ համար սրբություն է», - ասաց Ղուկասյանը` վստահեցնելով. - «Ղարաբաղում ընտրությունները կանցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Ես վստահ եմ, որ կհաղթի ամենաարժանավորը: Եվ ես տեսնում եմ այդ արժանավորին»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG