Մատչելիության հղումներ

Էնթոնի Գոդֆրին «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման խնդիրը քննարկել է Տիգրան Թորոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ


Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին «Ազատություն» ռադիոկայանի վերլուծական բաժնի թղթակից Ջեֆրի Դոնովանին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը ուշի-ուշով հետեւում է «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների շուրջ ծավալված քննարկումներին:

Գոդֆրիի խոսքերով, «Ազատություն» ռադիոկայանը համարվում է «Հայաստանում ազատ մեդիայի կարեւոր գործիք եւ մշտական հեռարձակումներ ունեցող արտասահմանյան միակ լրատվամիջոցը, որի հաղորդումները Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են լսում»:

«Մենք շատ ակտիվորեն ենք արտահայտել մեր մտահոգությունները լրամշակումների հնարավոր հետեւանքների վերաբերյալ», - նշել է նա: - «Այսօր ես հանդիպել եմ խորհրդարանի խոսնակին: Դա մի հանդիպում էր, որի մասին արդեն կար պայմանավորվածություն, բայց այս լրամշակումների խնդիրներն էր դարձել այսօրվա հանդիպման քննարկման թեման: Ես նրան ներկայացրել եմ մեր մտահոգությունները, մենք ենթադրում ենք, որ լրամշակումների կիրարկման արդյունքում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը Հայաստանի սահմանների ներսում կարող է սահմանափակվել: Մենք շատ հպարտ ենք Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքով: Դա օբյեկտիվ տեղեկատվության առավել վստահելի աղբյուրներից մեկն էր նախընտրական արշավի շրջանում, ինչը նշել են միջազգային դիտորդները, որոնք գրանցել են, որ «ընտրություններում լրատվամիջոցների դաշտը համեմատաբար դրական էր»:

Էնթոնի Գոդֆրին ասել է, որ իր մտահոգությունն է հայտնել նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: «Մենք միանշանակ սատարում ենք նրա հայտարարությանը», - ասել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին փոխանցել է, որ «եթե «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները սահմանափակեն «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, ապա դա բնավ չի համապատասխանի դեմոկրատական հաստատությունների բարելավման վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությանը»:

ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարի խոսքերով, Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ լրամշակումները «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը սահմանափակելու նպատակ չունեն:

«Մենք հիմա ուսումնասիրում ենք հարցը եւ համոզված չենք, որ դա այդպես չէ: Եվ մենք շարունակում ենք մտահոգություն հայտնել հարցի շուրջ: Մենք խնդիրը երեկ քննարկել ենք նաեւ վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Վարչապետն էլ է հավաստիացրել, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունը չի սահմանափակվի, բայց ես, անկեղծ ասած, հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե այդ դեպքում ի՞նչն է այս օրինագծի նպատակը: Եթե դա չէ, ապա ինչո՞ւ է հիմա քննարկվում», - ասել է Էնթոնի Գոդֆրին:

«Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնի թղթակից Ջեֆրի Դոնովանի այն հարցին, թե «որքա՞ն հետամուտ կլինի Միացյալ Նահանգները այս խնդրում», Էնթոնի Գոդֆրին ասել է, որ «չի ցանկանում պատասխանել հիպոթետիկ հարցերի, սակայն ուզում է հիշեցնել, որ «Հազարայակի մարտահրավեր» կորպորացիայի կառավարման խորհուրդը շատ ուշադիր է հետեւում հայաստանյան զարգացումներին:

«Կորպորացիայի չափորոշիչներից մեկը ազատ խոսքն է եւ պատասխանատվությունը: Կորպորացիայի կառավարող խորհուրդը դեկտեմբերին նիստ է գումարելու եւ գնահատելու է կացությունը», - ասել է Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG