Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազատության» հեռարձակմանը սպառնացող օրինագծերը


Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրինագիծ, որոնք, վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների կարծիքով, կարող են խիստ սահմանափակել «Ազատություն» ռադիոկայանի` Հայաստանում հեռարձակման հնարավորությունը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը ընդունվեցին 79 կողմ,16 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:

Բացի «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցություններից, դեմ են քվեարկել նաեւ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը, Խաչատուր Սուքիասյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Ձեռնպահ է մնացել խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը:

Քվեարկությունից առաջ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործերի ժամանակավոր համատարմատար Էնթոնի Գոդֆրին հանդիպել է խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: Ամերիկացի դիվանագետի վկայությամբ` Թորոսյանը վստահեցրել է իրեն, որ օրինագծերը ուղղված չեն «Ազատություն» ռադիոկայանի դեմ:

«Այո, քննարկված մի շարք հարցերի շրջանակներում անդրադարձել ենք նաեւ այդ օրինագծերին», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց Գոդֆրին: - «Մենք բարձրացրինք այդ հարցը եւ ասացինք, որ Միացյալ Նահանգները հպարտ է ռադիոկայանի աշխատանքով իր երկարատեւ պատմության ընթացքում, եւ եթե նման օրենքը ուղղված է «Ազատություն» ռադիոկայանի դեմ, մենք չենք հասկանա, թե ինչպես այդ օրենքը կաջակցի ժողովրդավարության նպատակներին»:

Օրենքի` երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է սկսվել այսօր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG