Մատչելիության հղումներ

Եվրոպական դատարանը բավարարել է Միշա Հարությունյանի հայցը


Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ կայացրած վճռով բավարարել է Հայաստանի քաղաքացի, 27-ամյա Միշա Հարությունյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատմեց, որ 1998 թվականին ժամկետային զինծառայության զորակոչված Հարությունյանը 1999 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարվել էր նախ 13 տարվա ազատազրկման, իսկ վերաքննիչ ատյանում բողոքարկումից հետո` 10 տարվա ազատազրկման զինծառայողի կանխամտածված սպանության համար:

«Վերաքննիչ դատարանը քննեց շատ երկար եւ նորից գործը ուղարկեց առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը գործը նորից ուղարկեց լրացուցիչ նախաքննության: Ռազմական ոստիկանության աշխատակիցները, ովքեր խոշտանգումներ էին կատարել, արդեն դատի առաջ էին կանգնած, եւ երբ նրանք դատապարտվեցին հենց Միշա Հարությունյանի գործով ցուցմունքները բռնությամբ կորզելու համար: Եվ այդ պայմաններում առաջին ատյանի դատարանը գրում է այդ ֆենոմենալ արտահայտությունը, որ «թեեւ բռնություններ են կիրառվել, բայց կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար»... եւ [Հարությունյանին] դատապարտեց 10 տարի ազատազրկման», - ասաց Ալումյանը:

Եվրոդատարան դիմել են 2003 թվականի նոյեմբերին. - «Եվ երեկ Եվրոդատարանը կայացրեց վճիռ, որ մենք ճիշտ ենք, իսկ պետությունը խախտել է Միշա Հարությունյանի իրավունքները»:

Ալումյանը ասաց, որ իրենք պահանջել էին ճանաչել Հարությունյանի իրավունքների խախտումը, եւ այդ մասով հայցը բավարարվել է. - «Երկրորդը` պահանջել էին հատուցել Միշա Հարությունյանի բարոյական եւ նյութական վնասները: Այդ մասով բարոյական վնասը հատուցվեց` 4 հազար եվրո, նյութական վնասները հատուցելու վերաբերյալ վճիռ չկայացվեց: Տրամաբանությունը հետեւյալն է. Եվրոդատարանը գտնում է, որ Միշա Հարությունյանը դատապարտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատավարության իրավունքի) խախտմամբ, ուստի դատավճիռը կվերանայվի այստեղ, ինչը մեր պետությունը պարտավոր է անել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG