Մատչելիության հղումներ

Բուշը եւ Պուտինը կհանդիպեն կիրակի օրը


Առաջիկա կիրակի Ջորջ Բուշը կհյուրընկալի Վլադիմիր Պուտինին: Սա վերջին վեց տարիների ընթացքում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների 24-րդ հանդիպումն է լինելու:

Վերլուծաբանների կարծիքով, հանդիպմանը քննարկման ենթակա թեմաների քանակը բավական մեծ է` Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությունից մինչեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարբերաբար ծագող միջազգային սկանդալները: Վաշինգտոնում ու Մոսկվայում, սակայն, կասկած չկա, որ նախագահների քննարկման թիվ մեկ խնդիրը կդառնա հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայում:

Ռուսաստանի նախագահը, ըստ ամենայնի, մեկ անգամ եւս կփորձի համոզել իր ամերիկացի պաշտոնակցին, որ նոր ռազմակայանների տեղակայումը Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու հազիվ թե նպաստի Իրանի կամ Հյուսիսային Կորեայի անկանխատեսելի գործողությունների կանխարգելմանը: Այս մասին հինգշաբթի օրն ակնարկել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե հարցը դիտարկենք աշխարհագրության եւ երկրաչափության տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ այդ օբյեկտների տեղակայումը Արեւելյան Եվրոպայում չի նպաստում այն սպառնալիքներին դիմակայելուն, որոնց մասին խոսում ենք», - ասել էր նա: - «Մենք անկեղծորեն, մանրամասն եւ պրոֆեսիոնալ կերպով ներկայացրել ենք մեր տեսակետները, եւ դրանք անտեսելն այնքան էլ հեշտ չի լինի»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG