Մատչելիության հղումներ

Amnesty International-ը քննադատել է Ադրբեջանին


Lոնդոնում տեղակայված հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին` երկրում բնակվող հարյուր հազարավոր փախստականների հանդեպ վերաբերմունքի համար:

«Բնակչության թվի համեմատ աշխարհում ամենաշատ փախստականները ունեցող երկրներից մեկում վերջիններս արժանանում են խտրական վերաբերմունքի, մեկուսացվում են եւ անվստահություն են զգում վաղվա օրվա նկատմամբ», - ասված է կազմակերպության տարածած զեկույցում:

Ըստ Amnesty International-ի, շուրջ 700 հազար մարդ ստիպված լքել են իրեն տները ղարաբաղյան պատերազմի արդյունքում, նրանց մեծ մասը մինչեւ հիմա բնակվում են ժամանակավոր կացարաններում եւ փախստականների ճամբարներում:

Իրավապաշտպան կազմակերպության տեղեկություններով, փախստականները Ադրբեջանում լուրջ խոչընդոտների են հանդիպում քաղաքացիություն ստանալու հարցում, ինչը անհրաժեշտ է սոցիալական ծառայություններից օգտվելու եւ աշխատանքի օրինական իրավունք ստանալու համար:

«Փախստականների ճամբարները տեղակայված են հեռավոր, տնտեսապես անհասանելի եւ բոլոր առումներով անհարմար շրջաններում, ինչը բերում է փախստականների էլ ավելի խորը մեկուսացմանը եւ հասարակություն ինտեգրվելու անկարողությանը», - փաստում է զեկույցը:

Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին` վերացնել փախստականների բնակությանը եւ զբաղվածությանը վերաբերող բոլոր խոչընդոտները, աջակցել նրանց նոր բնակության վայրերի ընտրման եւ այնտեղ տեղավորվելու հետ կապված հարցերում:

Ադրբեջանը անընդհատ հայտարարում է ծանր վիճակում գտնվող մեկ միլիոն փախստականների մասին, մինչդեռ, ըստ Amnesty International-ի, նրանց թիվը չի գերազանցում 700 հազարը, ընդ որում, ինչպես նշված է զեկույցում` «իշխանությունների կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում հիմնախնդիրը լուծելու եւ կոմպակտ բնակվող փախստականների ինտեգրումը Ադրբեջանի հասարակություն ապահովելու համար»:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG