Մատչելիության հղումներ

«Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծերը կքննարկվեն վաղը


Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը վաղը կքննարկի «Պետական տուրքի մասին» եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերը, որոնք, ըստ փորձագետների, ընդունվելու դեպքում կարող են վտանգել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրինագծերի մասին իր կարծիքը կարտահայտի վաղը` քննարկումների ժամանակ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մինչդեռ, գրեթե միահամուռ անընդունելի են համարում առաջարկվող օրենսդրական փոփոխությունները:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, առաջարկվող օրինագիծը «օրենքի հղմամբ անիրավ հերթական քայլն է, որը խախտում է մեր սահմանադրական իրավունքը եւ դրա կիրառումը մեր հասարակության մեջ»:

«Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու եւ համարում է սա հարված Հայաստանի Հանրապետությանը, մեր ազգային շահին եւ մեր քաղաքացիների իրավունքներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Միանշանակ է գնահատականը, որ սա քայլ է «Ազատություն» ռադիոկայանի դեմ», - ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը` բացատրելով. - «Որովհետեւ այս ամբողջ տարիների ընթացքում միակ օբյեկտիվ տեղեկատվությունը մեր հասարակությունը ստացել է այս ծառայությունից: Այնպես որ, նախագահական ընտրությունների նախաշեմին սա պետք է գնահատել որպես քաղաքական քայլ` որպեսզի հասարակությանը զրկեն այս միակ հնարավորությունից, որից մարդիկ ստանում են ճիշտ տեղեկատվություն»:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ` «Ազատություն» ռադիոկայանը «միակ ազատ կայանն է, որը գոյություն ունի Հայաստանում». - «Փակել «Ազատություն» ռադիոկայանը, նշանակում է փակել Հայաստանը: Դա ամենամեծ խայտառակությունն է, որ վերջին տարիներին տեղի է ունեցել Հայաստանում` եթե այդպիսի բան ընդունվի: Ու եթե Ազգային ժողովը այդպիսի որոշում ընդունի, ուրեմն Ազգային ժողովը Ազգային ժողով չէ. պետք է բոյկոտել մինչեւ վերջ Ազգային ժողովի ցանկացած որոշում»:

«Ավելի բարոյական կլիներ` ուղղակի գրեին, որ փոփոխությունը «Ազատություն» ռադիոկայանը փակելու համար է», - ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: - «Որովհետեւ «Ազատություն» ռադիոկայանից իրենք վախենում են. դա բազմաթիվ անգամներ իրենք ցույց են տվել` «Ազատություն» ռադիոկայանը խլացնելով, քաղաքական գործընթացների թեժ պահերին անջատելով: Եվ դա հիմա ուզում են օրինականացված անեն, որովհետեւ լուրջ վախենում են այս ռադիոկայանից: Որովհետեւ «Ազատություն» ռադիոկայանը միակ ռադիոկայանն է, որը անկախ է եւ այս իշխանությունների ազդեցության տակ չի գտնվում եւ կարողանում է իրականությունը ներկայացնել... Սա հստակ գործընթաց է, որը այս երկիրը քայլ առ քայլ տանում է դեպի տոտալիտարիզմ, դեպի միապետություն: Եվ սրա համար հասարակությունը պիտի ընդվզի»:

«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին օրինագծերի` Ազգային ժողով ներկայացնելը անգամ «որգեւորել է». - «Նշանակում է, որ իշխանությունները, որոնք հռչակել են, որ մեծամասնություն ունեն, ամենեւին էլ իրենց վստահ չեն զգում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG