Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ի աղբյուրների հավաստմամբ, առաջիկա օրերի ընթացքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում կներկայացնի: Վկայակոչելով նույն աղբյուրները, թերթը գրում է, որ «այն առայժմ ձգձգվում է Վարդան Ղուկասյանի վատառողջության պատճառով»:

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում «Տարեգիր»-ը գրում է. - «Կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարները պատրաստ չեն փոխզիջման, այլեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն էլ առանձնապես հակված չեն որեւէ կարգի փոխզիջման... Այսօր Հայաստանում թերեւս միակ պաշտոնյան, որ համարձակվում է խոսել փոխզիջումներից, վարչապետ Սերժ Սարգսյանն է, որի արտահայտած յուրաքանչյուր փոխզիջումային տեսակետ ուժգին հակահարվածներ է ստանում հավասարապես թե' ազգայնական եւ թե' մասնակի ազգայնական ընդդիմության կողմից: Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ պատերազմի ժամանակ, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում. նույնիսկ ամենամարտունակ բանակի զինվորներին: Հիմա արդեն, երբ նա իրեն երեւակայում է Հայաստանի նախագահի աթոռին, հասկանում է, որ պատերազմը հարցի լուծման լավագույն տարբերակը չէ, անգամ` անձամբ իր համար»:

Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց Աշխարհ» թերթին ասել է. - «Հայաստանում եւ Ղարաբաղում նախագահների վարկանիշն այսօր ամենաբարձրն է. թե՛ Ղուկասյանի վարկանիշը Լեռնային Ղարաբաղում, թե՛ Քոչարյանի վարկանիշը Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը շատ բարձր է նաեւ Լեռնային Ղարաբաղում. այնտեղ նրա հեղինակությունը նույնիսկ քննության առարկա չէ։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ Քոչարյանի դիրքորոշումը անպայման ունենալու է իր ազդեցությունը հասարակական կարծիքի վրա։ Գուցե նաեւ սա է պատճառը, որ փորձում են տարաբնույթ մեկնաբանություններ տալ` ասելով, որ ՀՀ նախագահը չի աջակցում Բակո Սահակյանին, որպեսզի հասարակությունը, ինչպես իրենք են ենթադրում, չկարողանա հստակ կողմնորոշվել»։

«Մեզ շատ ձեռնտու կլիներ պնդել, որ Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր են արդար, ժողովրդավարական ընտրություններ, իսկ Ադրբեջանում հնարավոր չեն», - շարադրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Բայց, ցավոք, միայն պնդելով ոչ մի հարց չի լուծվում: Եթե այսօր արդեն նախօրոք հայտնի է, որ Ղարաբաղի նախագահ է դառնալու Բակո Սահակյանը, Հայաստանի՝ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի՝ Իլհամ Ալիեւը, Ռուսաստանի՝ Մեդվեդեւը կամ Իվանովը, դա, համաձայնեք, չափազանց «հոգեհարազատ» է դարձնում այդ բոլոր երկրների ռեժիմները: Իհարկե, կարելի է ավելի խորանալ դեմագոգիայի մեջ եւ ասել. «Այո, ընտրության ելքը կանխորոշված է, բայց՝ այն պատճառով, որ հիշյալ երկրների ժողովուրդների ուշքը գնում է նշված գործիչների համար»: Բայց նույնիսկ եթե դա այդպես է, մենք, առավել եւս, չենք կարող ասել, որ երկու հայկական պետությունները ժողովրդավարության առումով առաջ են հարեւաններից»:

«Գայլերը` գառան դիմակով» հոդվածում «Հայք»-ը գրում է. - «Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում յուրօրինակ պատկեր է ստեղծվել: Այս հանձնաժողովում ընդգրկվել են այն պատգամավորները, որոնք իրենց կյանքի եւ գործունեւության ընթացքում մշտապես աչքի են ընկել քաղաքացիների իրավունքների ոտնահարումներով` ՀՀԿ-ականներ Աշոտ Աղաբաբյան, Լեւոն Սարգսյան, Նահապետ Գեւորգյան, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյան, ԺԱԿ-ի նախագահ, սակայն ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Սպարտակ Մելիքյան: Այս հանձնաժողովի անդամներից մի քանիսի անունները կապվում են անգամ բավական աղմկահարույց սպանությունների հետ: Փաստորեն, նրանք իրենց սափրագլուխների հետ մեկտեղ Ազգային ժողովի շենքի պատերից դուրս զբաղվելու են մարդու իրավունքները ոտնահարելով, իսկ արդեն Ազգային ժողովում ձեռնամուխ են լինելու այդ իրավունքների վերականգնմանը»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը «Գոլոս Արմենիի» թերթում անկեղծանում է. - «2003 թվականի ընտրություններից հետո ես պատահաբար հանդիպեցի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հետ, եւ նա ասաց. «Կանցնի հարյուր տարի, եւ ժողովուրդը կհասկանա, որ 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի այլընտրանքը դուք էիք»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG