Մատչելիության հղումներ

Կառավարության ներկայացուցիչը պահանջել է դադարեցնել «Կումայրի» թերթի խմբագրության վտարումը


Երեկ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը պահանջել է դադարեցնել Գյումրիում 86 տարի շարունակ լույս տեսնող «Կումայրի» թերթի խմբագրության վտարումը:

Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Մանուկ Թոփուզյանը զանգահարել է Գյումրիի փոխմարզպետին, ինչից հետո վտարման գործընթացը կասեցվել է երկու ամսով՝ «մինչեւ կգտնվի հարցի լուծումը»:

Թերթը եւ տպարանը վտարման վտանգի տակ են հայտնվել այն բանից հետո, երբ դպրոցի մարզադահլիճը, որտեղ աշխատում է խմբագրակազմը, սեփականաշնորհվել է 90֊-ամյա մի ամերիկահայի կողմից:

Աստղիկ Գեւորգյանի վկայությամբ՝ չի բացառվում, որ խմբագրությանը եւ տպարանին մեկ այլ տարածք կհատկացվի:

«Եթե կառավարության հանձնարարականը չկատարվի, լրագրողների միության վարչության երեկվա որոշմամբ բոլոր միջոցներն օգտագործվելու են՝ ասուլիսներով, Գյումրի այցելություններով, թեկուզ խմբագրության շենքի շրջափակմամբ` սատարելու գործընկերներին եւ թույլ չտալու խմբագրության վտարումը: Բայց վստահ եմ, որ բանը դրան չի հասնի»,֊ - ասաց լրագրողների միության ղեկավարը:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG