Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան. «Հպարտ եմ, որ ինձ պաշտպանում են քաղաքական կուսակցությունները»


Լեռնային Ղարաբաղում երեկ մեկնարկել է հուլիսի 19-ին նշանակված նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածուներից մեկը` Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ հպարտանում է նրանով, որ իր թեկնածությունը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի հիմնական քաղաքական կուսակցությունները:

«Այն, որ ինձ պաշտպանել են քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում, հպարտ եմ ինձ զգում նման վերաբերմունքից: Կարծում եմ, միասնական ուժերով մենք ի վիճակի կլինենք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք կանգնած են մեր առաջ», - ասաց նա:

Սահակյանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Արցախի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իբրեւ նախագահի թեկնածու առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: Կարճ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղում գործող եւ, մասնավորապես, խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ընդդիմադիր «Շարժում 88» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները հայտարարեցին, որ պաշտպանելու են միասնական թեկնածուի` Բակո Սահակյանին:

Դիտարկմանը, թե փոքր-ինչ անտրամաբանական է, որ հատկապես ընդդիմադիր ուժերը պաշտպանում են իշխանության ներկայացուցչին, Բակո Սահակյանը հակադարձեց. - «Ես անտրամաբանական որեւէ մի երեւույթ չեմ նկատում նման պաշտպանության մեջ կուսակցությունների կողմից: Մենք այս շարժումը սկսել ենք միասին, պատերազմել ենք միասին, այսօր մասնակցում ենք միասին մեր երկրի վերականգնողական աշխատանքներին, եւ համարում եմ, որ միասին հեշտ կլինի հասնել մեր երազած երկրի կառուցմանը»:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Սահակյանը նախ պատասխանեց, որ դա իր գործընկերների հետ «բազմաթիվ քննարկումների արդյունք» է, ապա ավելացրեց. - «Ես գիտակցված որոշում եմ ընդունել: Հավակնելով երկրի բարձրագույն պաշտոնին, հաշվի առնելով այս տարիների իմ կուտակած փորձը, կարող եմ ավելի լայն ծառայություն մատուցել մեր երկրին, մեր ժողովրդին»:

Իսկ հարցին, թե համարո՞ւմ է իրեն Լեռնային Ղարաբաղի գործող իշխանությունների ժառանգորդը, Սահակյանը պատասխանեց, որ այդպես չի համարում. - «Համարում եմ, որ ես մեր նվաճումների ժառանգորդը կարող եմ հանդիսանալ: Այն բոլոր դրական նվաճումները, որոնք առկա են մեր կյանքում, մենք փորձելու ենք շարունակել, եւ, ինչու չէ` կրկնապատկել»:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ-Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG