Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը սահմանել է «օղու էությունը»


Եվրամիության օրենսդիր մարմինը երեկ վճռել է, որ ավանդական «վոդկան» կարող է արտադրվել միայն հացահատիկային բույսից կամ կարտոֆիլից:

«Վոդկան» հետայսու նշանակում է «գյուղատնտեսական ծագման էթիլային սպիրտի հիման վրա արտադրված ալկոհոլային խմիչք»: Այլ բաղադրիչներ ունեցող խմիչքը կարելի է անվանել «վոդկա»՝ պայմանով, որ բաղադրիչի անունը հստակ գրվի պիտակի վրա, օրինակ, «խաղողի օղի», «ճակնդեղի օղի», «խնձորի օղի» եւ այլն:

0ղի արտադրող ավանդական երկրները՝ Շվեդիան, Ֆինլանդիան եւ Լեհաստանն առաջարկել են ավելի խիստ բանաձեւ, ըստ որի «վոդկա» կարելի է անվանել միայն ցորենից կամ կարտոֆիլից արտադրված խմիչքը, իսկ մնացած խմիչքները կարելի է անվանել «թափանցիկ սպիրտային ըմպելիք» կամ «սպիրտային ջուր»:

«Մենք 500 տարի «վոդկա» ենք արտադրում ցորենից եւ կարտոֆիլից: Երբ մենք 1995-ին միացանք Եվրամիությանը, մեզ խոստացել էին, որ «վոդկան» կունենա հստակ սահմանում, ինչպիսին են, ասենք, «վիսկին», «ջինը», «գրապան» կամ «ռոմը»: Հիմա մենք չենք ուզում, որ «վոդկա» տերմինը դառնա ակլոհոլային աղբաման», - ասել է Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Ալեքսանդր Ստաբը:

Սակայն, չնայած լեհերի, շվեդների եւ ֆինների հորդորներին, Եվրախորհրդարանը «փոխզիջումային» բանաձեւ է ընդունել:

Քննարկումների ընթացքում փոխզիջումային բանաձեւի կողմնակիցներն ասել են, թե «Եվրահանձնաժողովի փորձագետները տարիներ շարունակ ուսումնասիրել են հարցը եւ հանգել այն եզրակացության, որ Հին մայրցամաքում օղի են արտադրել ոչ միայն ցորենից եւ կարտոֆիլից, այլեւ գյուղատնտեսական այլ մթերքից»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Եվրոպայում վաղուց են վիճում «վոդկա» տերմինի շուրջ: Եթե Եվրախորհրդարանն ընդուներ Ստոկհոլմի, Հելսինկիի եւ Վարշավայի առաջարկը, Եվրոպական միությունը, ամենայն հավանականությամբ, կներքաշվեր առեւտրային վեճերի մեջ մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հետ:

Եվրախորհրդարանի ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի Եվրամիության նախարարների հավանությանն արժանանալու դեպքում: Մեկնաբանների համոզմամբ, նախարարները կընդունեն բանաձեւը:

«Վոդկայի» առեւտրից ստացվող տարեկան եկամուտն աշխարհում կազմում է մոտ 12 միլիարդ ամերիկյան դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG