Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը առաջարկում են չորս ամսով հետաձգել Կոսովոյի անկախության ծրագրի ընդունումը


Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը կազմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որով առաջարկվում է 120 օրով հետաձգել Կոսովոյի անկախության ծրագրի ընդունումը: Այդ ժամանակաշրջանում ջանքեր են գործադրվելու Մոսկվայի աջակցությունը ստանալու համար:

Բանաձեւի նախագիծն ուղարկվել է Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրների ներկայացուցիչներին՝ նախքան խորհրդի քննարկմանը ներկայացնելը վերջին խմբագրումները կատարելու համար: Դա նաեւ Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին համաձայնության հասնելու հնարավորություն է տալիս:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, բանաձեւի նախագծում նշված է, որ եթե չորս ամսվա ընթացքում բանակցություններն արդյունք չտան, մեխանիկորեն ուժի մեջ է մտնելու ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի` Կոսովոյի անկախությունը ենթադրող ծրագիրը:

Կոսովոն վերջին 8 տարիների ընթացքում կառավարվել է ՄԱԿ-ի ստեղծած վարչակազմի կողմից:

Ռուսաստանը հանդես է գալիս իբրեւ Սերբիայի դաշնակից եւ պնդում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է դրվի Սերբիայի տարածքային ամբողջականության սկզբունքը: Ռուսաստանը նաեւ նկատել է տալիս, որ Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է ճանապարհ հարթել անջատողական այլ երկրամասերի, մասնավորապես, Աբխազիայի եւ Հարավային 0սիայի անկախությունը ճանաչելու համար:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եվրոպական վերջին այցելության օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ Կոսովոյի խնդրի լավագույն լուծումն անկախությունն է:

Ենթադրվում է, որ Բուշը կփորձի դրանում համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս հուլիսի 2-ին կայցելի Բուշերի` Մեյն նահանգի Քենեբանքփորթ բնակավայրում գտնվող ընտանեկան ամառանոցը:

Մինչդեռ, Մարտի Ահտիսաարին երկուշաբթի օրը Հելսինկիում ասել էր, որ ռուսական կողմը, հավանաբար, վետոյի կենթարկի իր ծրագիրը, սակայն Կոսովոն մինչեւ տարեվերջ անկախություն կստանա: Նրա խոսքերով, դա նշանակում է, որ լուծումը կարող է գտնվել ՄԱԿ-ի շրջանակներից դուրս, այսինքն` Կոսովոյի անկախությունը կճանաչեն Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը:

Ահտիսաարիի ծրագրով առաջարկվում է Կոսովոյում ՄԱԿ-ի վարչակազմի փոխարեն ստեղծել ՄԱԿ-ի մանդատը ստացած եվրոպացի հանձնակատարի եւ Եվրոպական միության վարչակազմ, որը կունենա տեղական իշխանությունների ընդունած օրենքները չեղյալ հայտարարելու եւ տեղական պաշտոնյաներին աշխատանքից ազատելու լիազորություն:

Եվրամիությունը Կոսովոյում կտեղակայի ՆԱՏ0-ի 16,5 հազար խաղաղապահ: Կոսովոն կստանա միջազգային համաձայնագրեր կնքելու եւ միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ին անդամակցելու իրավունք:

Կոսովոյում ԱՄՆ-ի բանագնաց Ֆրենկ Վիզները երկրամասի կենտրոն Պրիշտինայում անցած շաբաթ ասել էր, որ «Արեւմուտքը քննարկում է նախագիծ, որը երկխոսության համար սահմանափակ ժամանակ է նախատեսում, սակայն դրա միակ արդյունքը կարող է անկախությունը լինել»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG