Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ալեքսանդր Արզումանյանի կնոջը


Երեքշաբթի օրը վարչապետ Սերժ Սարգսյանը ընդունել է անցած ամիս «փողի լվացման» մեղադրանքով ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կնոջը` Մելիսա Բրաունին:

«Մի քիչ Ալիկի մասին խոսեցինք», - հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մելիսա Բրաունը: - «Ես իրեն հարցրեցի, թե ինչու են Ալիկին ձերբակալել... Մենք զրուցեցինք մի քիչ Ալիկի մասին»:

Հարցին, թե որեւէ օգուտ ակնկալո՞ւմ է վարչապետի հետ հանդիպումից, Արզումանյանի կինը արձագանքեց. - «Չէ: Ուղղակի ես բացատրեցի, որ ես Ալիկի գործով զբաղվում եմ, քանի որ դա ինձ համար ընտանեկան հարց է, անձնական հարց է»:

Անցած շաբաթ Մելիսա Բրաունի, Աժ-ի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի, նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ստորագրությամբ նամակ էր հղվել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` հետեւյալ կերպ հիմնավորելով ձերբակալության պատճառները. - «Մի հիմնավորումը այն է, որ Ալեքսանդր Արզումանյանը անցած տարվա աշնանը հիմնադրեց «Անհնազանդության շարժումը» եւ ակտիվ «փողոցային պայքարի» ջատագովներից էր: Երկրորդ հիմնավորումն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք ինքը ուներ Ղարաբաղի հարցի լուծման խաղաղ տարբերակ, որը չկարողացան անցկացնել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Եվ այդ տարբերակի հետեւանքով էր, որ նրանք պարտվեցին եւ ստիպված եղան հրաժարական տալ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը, որով վիճարկվում է նրան ապօրինի կալանքի տակ պահելու, մտացածին մեղադրանքով անհիմն կալանավորելու հարցը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG